ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հանդիպման ընթացքում: Երկուստեք կարևորվել են զբոսաշրջության զարգացման, ներդրումային և առողջապահության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Աչալ Կումար Մալհոտրան պատրաստակամություն է հայտնել աջակցել և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրեր գտնել:
Կարևորելով միջազգային փորձի փոխանակումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին և նախաձեռնություններին: Քաղաքապետը դեսպանին ներկայացրել է բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հնդկաստանում բազմաթիվ հայկական փողոցներ կան, Աչալ Կումար Մալհոտրան առաջարկել է Երևանում նույնպես ունենալ Հնդկաստանի փողոց: Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը կարձագանքի այս առաջարկին: