ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԱՄՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՆ
Պաշտոնական հանդիպումներ
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի սկզբում, մինչ օրակարգի հարցերին անցնելը, Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրել է իր գլխավորած կառավարական պատվիրակության ԱՄՆ կատարած աշխատանքային այցի արդյունքները, որի շրջանակներում տեղի ունեցած չափազանց կարեւոր հանդիպումները նա բաժանել է երկու մասի` քաղաքական եւ տնտեսական: Կարեւորելով ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի եւ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ ունեցած հանդիպումները, իբրեւ քաղաքական հանդիպումներ, նա ընդգծել է, որ դրանց ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձ է եղել աշխարհում եւ տարածաշրջանում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով ստեղծված իրավիճակին: Իր խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է.
«Կարող ենք արձանագրել, որ մենք ունեցանք լիակատար աջակցություն Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից, եւ` ի դեմս Միացյալ Նահանգների, ունենք բարեկամ երկիր, որն այս տարիների ընթացքում շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել Հայաստանում ու շարունակելու է օգնությունը: Կառավարության ծրագրերի իրականացման առումով եւս մենք ունենալու ենք լիակատար աջակցություն եւ այդ քաղաքական հավաստիացումները ստացել ենք, ինչը չափազանց կարեւոր է մեր համարձակ ռեֆորմներն իրականացնելու առումով: Բացի դրանից, հանդիպումներ ենք ունեցել ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի եւ առեւտրի նախարարի հետ եւ ձեռք բերել պայմանավորվածություններ` տեխնիկական օժանդակության, ինչպես նաեւ նոր համաձայնագրերի կնքման վերաբերյալ, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն երկու երկրների միջեւ առեւտուր իրականացնելու համար: Այդ նպատակով տեխնիկական թիմ կմեկնի Միացյալ Նահանգներ, մասնագետները կաշխատեն ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի եւ նաեւ առեւտրի նախարարության հետ, եւ այդ թիմերի աշխատանքի շնորհիվ կծնվեն կոնկրետ պայմանագրեր, որոնք կսահմանեն ռեժիմներ երկու երկրների ե՛ւ ներդրումների, ե՛ւ առեւտրի կազմակերպման համար:
Համաշխարհային Բանկ և Արժույթի միջազգային հիմնադրամ
Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ հանդիպումները նվիրված էին, բնականաբար, տնտեսական հարցերի քննարկմանը, մասնավորապես, թե ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում այսօր աշխարհում, որպեսզի ֆինանսական ճգնաժամի հետեւանքները հասցվեն նվազագույնի եւ թե ինչպիսի՞ն է անցումային երկրների համար լավագույն ռազմավարությունը: Դուք գիտեք, որ մենք վաղուց ենք աշխատանքներ սկսել Արժութային հիմնադրամի հետ` գործողությունների մի մեծ ծրագիր է իրականացվում, որի նպատակն է կանխարգելել ֆինանսական ճգնաժամի այն բացասական հետեւանքները, որ կարող են հասնել Հայաստան: Այդ նպատակով մենք արդեն զեկուցել ենք հանրությանը, որ վերանայվել է 2008թ. պետական բյուջեի ցուցանիշը, եկամտային եւ ծախսային մասով ստանձնել ենք պարտավորություն` ավելի շատ հարկեր հավաքագրելու մինչեւ տարեվերջ, Վայոց Ձորում ընդունեցինք համապատասխան որոշում` եւս մեկ անգամ 13 մլրդ-ով մեր հավաքագրումների եկամուտներն ավելացնելու, ինչպես նաեւ շուրջ 24 մլրդ-ով ծախսերը կրճատելու վերաբերյալ, ինչը, բնականաբար, չափազանց լուրջ բուֆեր է ստեղծում ՀՀ-ում ֆինանսական կայունություն ապահովելու համար` թույլ չտալու, որպեսզի գնաճային ճնշումները մեծ լինեն: Այդ քաղաքականությունն ամբողջությամբ ստացել է Արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի լավագույն մասնագետների բարձր գնահատականը, եւ դրանք անհրաժեշտ միջոցառումներ են, որոնք ավելացնում են մեր երկրի ֆինանսական կայունությունը: Բնականաբար, քննարկումներ եղան նաեւ այն մասին, թե ինչպիսի՞ գործիքակազմ մեզ կառաջարկեն Արժութային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը, եթե ֆինանսական ճգնաժամը համաշխարհային տնտեսության մեջ ունենա ավելի երկարաժամկետ բնույթ: Մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, որ անհրաժեշտության պարագայում մեզ օպերատիվ օգնություն կտրամադրվի Արժութային հիմնադրամի կողմից` վճարային հաշվեկշիռը կարգավորելու համար, իսկ Համաշխարհային բանկի կողմից` փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծավալների կտրուկ ավելացման ուղղությամբ, ինչը լավագույն եղանակն է բացասական ֆինանսական ալիքները չեզոքացնելու համար: Ընդհանուր առմամբ, գնահատվեց, որ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները շատ դրական են, եւ դա նաեւ հենց այն երաշխիքն է, որ որեւիցէ մենք պրոբլեմ չենք ունենալու ֆինանսական հատվածում ու բացասական ազդեցությունները չեն կարող մեզ համար լուրջ հարված լինել:
Հայկական կազմակերպություններ
Բացի այս հանդիպումներից հանդիպումներ են եղել նաեւ մեր երեք լոբբիստական կազմակերպությունների հետ: Այդ հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքների համակարգման վերաբերյալ, որպեսզի արդյունքում առավել բարենպաստ պայմաններ ստեղծվեն տնտեսական-ֆինանսական մեր ծրագրերն իրականացնելու առումով», – նշել է Տիգրան Սարգսյանը: