ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱԴԻՐԸ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 84.5 ՄԼՆ ԴՐԱՄ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգ ներդնելու նպատակով ծառայությանը 2011թ. առաջին կիսամյակում հատկացրել 84 մլն 500 հազար դրամ։
Ակնկալվում է, որ տեղեկատվական համակարգի ներդրմամբ նվազագույնի կհասցվի կոռուպցիոն ռիսկերի, միտումնավոր և պատահական սխալների հնարավորությունը, կբարելավվի պետբյուջեի միջոցների հաշվին ծախսերի հասցեականությունն ու ֆինանսական միջոցների կառավարելիությունը և այլն։
Կառավարության ընդունած մի շարք որոշումներով հստակեցվել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունը և մեծացվել ոլորտի տեղեկատվական համակարգերում ներառված տեղեկության հավաստիությունը։ Այդ նպատակով հաստատվել է սոցիալական պաշտպանության իրավունքի համար անհրաժեշտ տեղեկատվությունը պետական համապատասխան մարմիններից` բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու կարգը։