
Ռուսաստանից հեռացած 56 ընկերություն ցանկանում է բիզնեսը տեղափոխել Ղազախստան
ՌԴ-ից հեռացած արդեն 56 ընկերություններ մտադիր են բիզնեսը տեղափոխել Ղազախստան: Այդ մասին հայտնել է հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովը: «Մենք կազմել ենք առավել խոշոր այդպիսի ընկերությունների ցուցակը. դրանք 300-ից ավելի են: Նրանց հետ համապատասխան աշխատանք ենք անցկացրել Ղազախստանում իրենց աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկացնելու համար:
Այսօրվա դրությամբ այդ ցուցակի 56 ընկերություններ ցանկություն են հայտնել աշխատել, իրենց գրասենյակները տեղափոխել Ղազախստան: Նրանց հետ մենք այժմ առարկայական աշխատանք ենք տանում դրանց պայմանների, ժամանակի եւ դրանց տեղափոխման վայրի ուղղությամբ»,-վարչապետը լրագրողներին խորհրդարանի կուլուարներում ասել է հոկտեմբերի 19-ին: «Այսօրվա դրությամբ ընկերությունների մի մասն արդեն դրական որոշում է ընդունել եւ արդեն կարելի է ասել, որ տեղափոխել են իրենց գրասենյակները. այնպիսի խոշոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Honeywell-ը, inDriver-ը, Fortescue-ն, Marubeni-ն եւ ուրիշներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: