ԵՎՐԱԳՈՏՈՒ ՃԳՆԱԺԱՄԸ ՄԵՐԿԵԼԸ ՀԱՄԵՄԱՏԵԼ Է 2-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏ
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Եվրոպան հայտնվել է ծանր կացության մեջ», – նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` մեկնաբանելով եվրոպական ներկայիս պարտքային ճգնաժամն ու վերջինիս հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը: Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան, որպես եվրոպական տնտեսության լոկոմոտիվ, որոշակի «պարտավորություններ» ունի և պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի` Եվրագոտին ճգնաժամից դուրս բերելու և Եվրագոտու իր գործընկերներ-երկրներին աջակցություն ցույց տալու ուղղությամբ:
Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ Եվրագոտու անդամ որևէ երկրի ընդհանուր ֆինանսատնտեսական իրավիճակի վատթարացումն իր անմիջական ազդեցությունը կարող է թողնել Գերմանիայի տնտեսության վրա, ինչն, ըստ Անգելա Մերկելի, «պարտադրում է» Գերմանիային առաջնային դեր ունենալ Եվրագոտու պարտքային ճգնաժամի հաղթահարման համաեվրոպական շարժման մեջ:
Նշենք, որ Գերմանիայի արտահանման ծավալների շուրջ 60%-ն իրացվում է Եվրամիության տարածքում, ինչով և բացատրվում է Գերմանիայի մեծ հետաքրքրվածությունը` Եվրագոտու պարտքային խնդիրների հնարավորինս արագ լուծման հարցում: