Շառլ Միշել. ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ չնայած բարդ բանավեճերին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթներ մշակել՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինքում այս թեմայի շուրջ քննարկումները գնալով ավելի ու ավելի են բարդանում:
«Պատժամիջոցների շուրջ յուրաքանչյուր բանավեճ շատ ավելի բարդ է, քան նախորդը: Մենք լավ քննարկումներ ունենք նախագահ Զելենսկիի հետ, և ես իմ գործընկերներին կտեղեկացնեմ, թե որոնք են Ուկրաինայի առաջարկները, և մենք կխորհրդակցենք։ Վստահ եմ, որ մենք կկարողանանք ուժեղացնել ճնշումը Կրեմլի վրա», – ասել է Շառլ Միշելը Կիև կատարած ուղևորության ժամանակ:
Bloomberg-ը նշում է, որ Միշելը չհայտարարված այց է կատարել Կիև՝ Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին օգնելու համար. գագաթնաժողովը պլանավորված է փետրվարի 3-ին։ «Վստահ եմ, որ սա առիթ և հզոր ազդանշան կլինի այն մասին, որ մենք միասին ենք: Մենք նաև կորոշենք, թե որոնք են հաջորդ քայլերը, որոնք են ընդհանուր նպատակները», – նշել է Եվրոպական խորհրդի ղեկավարը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, պատժամիջոցները պետք է խստացվեն, «ավելի շատ երկրներ պետք է ներգրավվեն՝ դիմակայելու Ռուսաստանին»: