ՊԱՐԶԵՑՎՈՒՄ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, չեղյալ ճանաչել երկու այլ որոշում` նպատակ հետապնդելով հնարավորինս պարզեցնել և թափանցիկ դարձնել տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման ընթացակարգը և իրավական լուծում տալ ոլորտում առկա խնդիրներին։
ՀՀ կառավարության հայտարարության համաձայն` ուժը կորցրած են ճանաչվում հաշվառման ժամանակ ԱՊՊԱ պայմանագրի և կտրոնի առկայությանը, դրանց ստուգմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելուն վերաբերող դրույթները։
Կառավարությունը հանդես է եկել նաև օրենսդրական նախաձեռնությամբ` հավանություն տալով և ՀՀ Ազգային ժողով ներկայացնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ առավելագույնս կապահովվեն քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը։