ԻՍՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼԻ ԿԱՐԻՔ ԿՈՒՆԵՆԱՆ
Իսպանիայի Կենտրոնական բանկի պաշտոնական կանխատեսման համաձայն` մոտ ապագայում երկրի բանկերը լրացուցիչ կապիտալի կարիք կունենան: Փորձագետները կանխատեսում են, որ Իսպանիայի կառավարությունը ստիպված կլինի ֆինանսական օգնության համար դիմել միջազգային կառույցներին:
Ավելի վաղ արված պաշտոնական կանխատեսման համաձայն` 2012 թվականի արդյունքներով երկրի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 79,8%-ը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել էր ՀՆԱ-ի 8,51%-ը: Երկրի բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով Իսպանիայի կառավարությունը մտադիր է բարձրացնել հարկերն ու կրճատել պետական ծախսերը: Կառավարությունը նախատեսում է այս քայլերի շնորհիվ տնտեսել 16,5 մլրդ եվրո: