ՎԱՐՉԱՊԵՏ. ՓՆՏՐԵՆՔ ԵՎ ԳՏՆԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի ազգային մրցունակությունը կարևորագույն մարտահրավեր է և մենք պետք է գտնենք մեր երկրի հարաբերական առավելությունները՝ Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա որպես մրցունակ երկիր ներկայացնելու համար: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է «Նորարություն, մրցունակություն և տնտեսական աճ» թեմայով համաժողովի ընթացքում:
«Մենք պարտավոր ենք այսօր մրցակցության դաշտում ներդնել ամուր հիմքեր՝ դիմակայելու և հարաբերական առավելություն ունենալու համար: Դա նշանակում է, որ մենք պետք է մտածենք գլոբալ կերպով, հասկանանք, թե որն է ժամանակակից աշխարհի զարգացման հիմնական շարժիչը, ինչ տրամաբանությամբ է զարգանալու աշխարհը և այդ կանխատեսումների ներքո էլ նկարագրենք Հայաստանի այսօրվա տեղը և դերը»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարը մրցակցություն է ինտելեկտուալ և նոր գիտելիքի ստեղծման բնագավառներում, իսկ այդ մրցակցության մեջ հաղթում են այն երկրները, որոնք մեծ ուշադրություն են դարձրել գիտելիքին, ստեղծել են գիտական ուսումնասիրությունների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ ժամանակակից աշխարհում արտադրողականության աճի բարձրացման ամենահզոր ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն է, որը ներխուժել է բոլոր ճյուղերի մեջ:
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցչությունը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ: