
Արցախում արդեն կանխիկ դրամի խնդիր կա
Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
«Քանի որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից լրիվությամբ դադարեցված են նաև հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր:
Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու և կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար խնդրում ենք բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության (ներդրված է նաև կանխիկացման սահմանաչափ), իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում:
Խնդրում ենք աջակցել պետությանը, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել Արցախի ժողովրդի առաջ ծառացած ծանր մարտահրավերները»,- նշված է հաղորդագրության մեջ: