
NOKIA-Ի ԳՈՐԾԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎ ՉԵՆ
Բջջային հեռախոսների արտադրության ոլորտում առաջատար ֆիննական Nokia ընկերությունը մտադիր է փակել Չինաստանում գործող իր վաճառքի կենտրոնների մի մասը՝ միաժամանակ իրականացնելով տարածաշրջանային բիզնեսի վերակազմավորում: Սպասվում է, որ ընկերությունն իր բիզնեսը կկենտրոնացնի առավելապես Պեկինում: Այլ քաղաքներում, այդ թվում և Շանհայում տեղեկայված վաճառքի կենտրոնները կփակվեն:
Ընկերությունը դեռևս չի հրապարակում, թե «չինական» բիզնեսի վերակազմավորման գործընթացի արդյունքում որքան աշխատատեղ կկրճատվի:
Նշենք, որ վերջին ժամանակահատվածում Nokia ընկերությունը Չինաստանում գրանցել էր վաճառքի ծավալների շարունակական անկում: Analysys International-ի տվյալներով՝ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Nokia-ի մասնաբաժինը Չինաստանի սմարթֆոնների շուկայում կազմել է ընդամենը 11%, ինչը շուրջ 20 տոկոսային կետով ցածր է նախորդ տարի գրանցված արդյունքից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Nokia-ն հայտարարել էր, որ պատրաստվում է ամբողջ աշխարհում կրճատել շուրջ 10 հազար աշխատատեղ: