ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Հունիսին մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 126.0 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա հունիս ամսվա համեմատությամբ ցուցանիշն աճել է 8.6%-ով, իսկ նախորդ ամսվա՝ մայիսի համեմատ՝ 4.5%-ով: Հաշվետու ամսում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 96.9 հազար ՀՀ դրամ, ոչ պետական հատվածում՝ 159.7 հազար ՀՀ դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների կտրվածքով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 117.6 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 6.2% աճ:
Միևնույն ժամանակ, հաշվետու վեց ամիսներին պետական հատվածում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 5.0% աճ (93.2 հազար դրամ), իսկ ոչ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.9%-ով և կազմել 146.4 հազար դրամ:
Նշենք նաև, որ հունվար-հունիս ամիսներին, տարեկան կտրվածքով, սպառողական գների ինդեքսը կազմել է 102.2%, իսկ հունիսին՝ 100.7%: