ԿԱՅԱՑԱՆ 2011Թ.-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին «2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքները: Վարչապետը նշեց, որ 2011 թվականը բեկումնային էր, քանի որ էապես նվազեց գնաճի ցուցանիշը, եւ Հայաստանն ունեցավ տնտեսական աճ, որը 2 անգամ ավելի բարձր էր, քան 2010 թվականին: 2011 թվականին իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը վարչապետը որակեց որպես հաշվեկշռված, քանի որ շարունակվել է բյուջեի պակասուրդի աստիճանական նվազման քաղաքականությունը: Բայց, մյուս կողմից, Տիգրան Սարգսյանը արձանագրեց, որ հարկաբյուջետային չափավոր կոնսոլիդացված այդ քաղաքականությունը չի խոչընդոտել տնտեսության վերականգնմանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ 2011 թվականի պետական բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ–ի 2.8 տոկոսը` ծրագրված 3.9 տոկոսի դիմաց: Այս ամենը հնարավոր է եղել իրականացնել հարկային եկամուտների բարելավման հաշվին. հարկերը, ներառյալ սոցիալական վճարները նախորդ տարվա նկատմամբ աճել են 11.1 տոկոսով, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվել է 0.4 տոկոսային կետով եւ կազմել 20.6 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2011 թվականի պետական բյուջեի կատարման հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ` ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի ծախսերի 82.3%-ը ուղղվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը եւ 17.7%-ը ոչ ֆինանսկան ակտիվների հետ գործառնություններին: Պետական պարտքի սպասարկման նպատակով բյուջեից հաշվետու տարում օգտագործվել է 35.5 մլրդ դրամ կամ ծրագրավորված միջոցների շուրջ 95%-ը: Հաշվետու տարում արտաքին պարտքի սպասարկմանը ուղղվել է 14.8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 97 %-ը: Հաշվետու տարում պետական բյուջեի պակասուրդը կազմել է 106 մլրդ դրամ: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2010 թ.-ի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 39.2 %-ով:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: ՀՀ ԿԲ նախագահը մասնավորապես նշեց, որ նախորդ բյուջետային տարում ՀՀ կառավարությունն ընդհանուր առմամբ իրականացրել է հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականություն, որն ուղղված է եղել ինչպես տնտեսական ակտիվության վերականգնմանը, այնպես էլ պետական պարտքի կայունության ապահովմանը: Հարկաբյուջետային քաղաքականությունն ուղեկցվել է ՀՀ պետական բյուջեի պակասուրդի կրճատմամբ, ինչը զգալիորեն նպաստել է մակրոտնտեսական կայունության բարելավմանը:
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրելով հաշվետվությունը` ՀՀ Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ» տարեկան հաշվետվությունում եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը:
Կայացավ նաեւ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ոլորտներին:
Արտակարգ իրավիճակների նախարարության ծախսերը կազմել են 6, 271 մլրդ դրամ, ոստիկանությանը` 35.7 մլրդ դրամ, որոնք կատարվել են համապատասխանաբար 99.7%-ով եւ 96.1%-ով:
Ազգային անվտանգության բնագավառին տրամադրվել է 12.7 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.4%-ը:
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ երկրորդ նիստը, որը պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների մասին կատարողականի հաշվետվությանն էր վերաբերում, դռնփակ էր: