
ԻՍՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ
Իսպանիայի բանկերի ասոցիացիան որոշել է երկու տարով հետաձգել հիփոթեքային վարկերի գծով բանկերի նկատմամբ պարտքեր կուտակած մարդկանց՝ հիփոթեքով գնված տներից հարկադիր տեղահանման ծրագիրը: Այս որոշման համար հիմք է հանդիսացել տեղահանման ծանուցագիր ստացած իսպանացի կնոջ ինքնասպանության դեպքը: Այն մեծ հասարակական արձագանք էր ստացել: Հազարավոր մարդիկ իրենց բողոքն էին արտահայտում բանկերի նման վարքագծի դեմ:
Այժմ իսպանական բանկերը քննարկում են հարկադիր տարհանման գործընթացը հիփոթեքային վարկերի մասով ձևավորված պարտքերի վերակազմավորմամբ փոխարինելու հարցը:
Նշենք, որ վերջին չորս տարում հիփոթեքային վարկերի չմարման համար շուրջ 350 հազար մարդ տարհանվել է հիփոթեքային վարկով ձեռք բերված իր բնակարանից:
Իսպանիայի բանկի տվյալներով՝ ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ երկրում չմարված հիփոթեքային վարկերի ընդհանուր գումարը կազմել է 21 մլրդ եվրո: