ԿԱՅԱՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները քննարկել և ընդունել են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր:
Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2013թ. հոկտեմբերին, Մինսկում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:
Աշգաբատում տեղի ունեցած գագաթնաժողովի հարկի տակ Նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: