Հնդկաստանը մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը Չինաստանից ներդրումների կրճատման հարցում
Հնդկաստանը չի դիտարկում երկրի տնտեսության մեջ չինական ներդրումների ավելացման հնարավորությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է հարավասիական հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Պիյուշ Գոյալը:
«Ներկայումս Հնդկաստանը չի վերանայում չինական ներդրումներին աջակցելու հարցը», – մեջբերում է Reuters-ը Առևտրի նախարարի խոսքն՝ ի պատասխան կառավարության տնտեսական հարցերով խորհրդական Անանտ Նագեսվարանի առաջարկին՝ «կենտրոնանալ Չինաստանից ներդրումների վրա՝ խթանելու արտահանումն այս երկիր և դադարեցնելու Նյու Դելիի աճող առևտրային դեֆիցիտը Պեկինի հետ»:
Հուլիսի սկզբին Հնդկաստանի ֆինանսների նախարարությունը խորհրդարանին ներկայացրած տնտեսական հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ անհրաժեշտ է հավասարակշռության հասնել Չինաստանից ապրանքների ներմուծման և այս երկրից ներդրումների միջև
Հնդկաստանն անխուսափելիորեն ստիպված կլինի պահպանել ներմուծումը Չինաստանից՝ ներքին արդյունաբերությունը խթանելու և համաշխարհային առևտրին մասնակցելու համար: Գերատեսչության տվյալներով՝ այդ նպատակների համար անհրաժեշտ է ճիշտ հավասարակշռություն գտնել Չինաստանից ապրանքների ներմուծման և կապիտալի ներմուծման միջև՝ հիմնվելով Բրազիլիայի և Թուրքիայի, ինչպես նաև որոշ եվրոպական երկրների փորձի վրա, որոնք բարձրացրել են էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը Չինաստանից, սակայն ներգրավել են չինական ներդրումներ: