52 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆԸ
ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 52 մլն 600 հազար դրամ, որով կանտառապատվեն Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտարից շուրջ 31 հեկտարը, Արթիկ քաղաքի շրջակայքի շուրջ 20 հեկտար տարածքը, ինչպես նաև մասնակիորեն կֆինանսավորվի ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսը։
Վարչապետը հիշեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պետք է կառավարություն ներկայացնի կանաչապատման համալիր ծրագիր։ «Քանի որ առաջին փուլը մենք հաջողությամբ ավարտեցինք նաև այս հատկացումով, անհրաժեշտ է մտածել հաջորդական ծրագրերի մասին, որովհետև Երևան քաղաքի էկոլոգիական վիճակը պետք է բարելավենք նաև այս միջոցառման շնորհիվ», – ասել է Տիգրան Սարգսյանը։
Վարչապետին զեկուցել են, որ ծրագրի ֆինանսավորման այլ աղբյուրները ևս ճշտելուց հետո` մեկ ամսից, կներկայացվի այդ փաստաթղթի նախագիծը։