Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7.25%
29/10/2024 14:21
Կիսվել

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7.25%

2024 թվականի հոկտեմբերի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:

2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0,6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0.7%:

2024 թ-ի չորրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միջազգային ապրանքահումքային շուկայում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից ռիսկերը պահպանվում են՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խնդիրներով, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ: Միաժամանակ, գործընկեր երկրներում՝ հատկապես ԱՄՆ-ում, շարունակվում է նկատվել աշխատաշուկայի պայմանների մեղմացման թույլ ազդակներ` ուղեկցվելով պահանջարկի որոշակի ճշգրտմամբ: Մյուս կողմից, էականորեն ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի վերաբերյալ անորոշությունները: Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում կշարունակեն քաղաքականության տոկոսադրույքների աստիճանական թուլացումը՝ դեռևս պահպանելով դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ՝ ներառելով վերևի ուղղությամբ որոշակի ռիսկեր:

2024 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է՝ դեռևս ձևավորվելով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակից բարձր: Ակտիվության աճին մեծապես նպաստել են շինարարության, ծառայությունների և առևտրի ճյուղերի զգալի աճը: Այն շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ: Չնայած ընթացիկ բարձր տնտեսական ակտիվությանը՝ ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է թուլանալ: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները շարունակում են ճշգրտվել՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների որոշակի կայունացմամբ: Այս զարգացումներին զուգահեռ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը պահպանվում են։

Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ:  Մի կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Ա տիպի), որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ երկրի ռիսկի հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Բ տիպի), որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ ցածր գնաճային սպասումների և թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:

Արդյունքում՝ արձանագրելով Բ տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականությունը, սակայն կարևորելով Ա տիպի սցենարներից բխող  էական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% նպատակի և գների կայունության ապահովման համար:

Տնտեսական իրավիճակի ամփոփագիր / Համաշխարհային տնտեսություն

2024 թ-ի 3-րդ եռամսյակում, հիմնական գործընկեր երկրներում շարունակել են արձանագրվել ոչ միանման տնտեսական զարգացումներ: Մի կողմից՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում շարունակաբար գրանցվում է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստում է ներքին սպառման՝ հատկապես ծառայությունների բարձր աճը, մյուս կողմից՝ ԵվրոԳ-ում և Չինաստանում նկատվում է ակտիվության դանդաղում՝ ներքին պահանջարկի թուլացմամբ պայմանավորված: Համաշխարհային տնտեսությունում, ընդհանուր առմամբ, պահպանում են ակտիվության դանդաղման ռիսկերը:

ԱՄՆ-ում տնտեսության հիմնարարների շուրջ բարձր անորոշությունը շարունակում է պահպանվել: Այսպես, չնայած վերջին եռամսյակների ընթացքում շուկայական տոկոսադրույքների բարձր մակարդակներին, սպառումը ԱՄՆ-ում շարունակում է աճել բարձր տեմպերով՝ նպաստելով բարձր տնտեսական ակտիվության պահպանմանը: Զուգահեռաբար ֆինանսական ակտիվների գները շարունակում են աճել, ստեղծելով սպառման՝ բարձր մակարդակներում պահպանման ռիսկեր։ Այս պայմաններում, թեև ընդհանուր գնաճը աստիճանաբար մոտենում է թիրախին, հիմնարար գնաճը բնութագրող որոշ ցուցանիշներ, այդ թվում՝ կոշտ գներով բնութագրվող ապրանքների գնաճը և աշխատավարձերի աճը դեռևս ձևավորվում են թիրախային մակարդակից զգալիորեն բարձր: Վերոնշյալ զարգացումները շարունակում են որոշակի մարտահրավերներ ստեղծել դրամավարկային մարմինների համար՝ գնաճը վերջնականապես թիրախին մոտեցնելու և գների կայունության հանձնառության ապահովման տեսանկյունից:

Մյուս կողմից՝ դեռևս խիստ դրամավարկային և վարկավորման պայմանների միջավայրում պահպանվում են աշխատաշուկայի հետագա, անցանկալի թուլացման ռիսկեր։ Ավելին, նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանների թուլացումը կարող է ենթադրել ԱՄՆ ԴՊՀ կողմից ավելի մեծ պատրաստակամություն քաղաքականության դիրքի հետագա թուլացման տեսանկյունից: Այս պարագայում, հաշվի առնելով տնտեսության և աշխատաշուկայի արագ ճշգրտումը և մյուս կողմից՝ դեռևս բարձր սպառման և պահանջարկի պայմանների պահպանման ռիսկերը՝ առաջիկայում  հիմնական անորոշությունը վերաբերում է քաղաքականության դիրքի թուլացման արագությանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում պահպանվում են միջնաժամկետ չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ ինչպես ԱՄՆ ԴՊՀ-ի քաղաքականության ապագա ուղեգծի, այնպես էլ երկարաժամկետ տոկոսադրույքների ու զարգացող երկրներում կապիտալի հոսքերի վրա:

ԵԿԲ-ն 2024 թ-ի սեպտեմբերին որոշեց նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը ևս 25 բազիսային կետով՝ ընթացիկ տարում արդեն 3-րդ անգամ։ Թեև ծառայությունների ոլորտը` արտաքին պահանջարկի ընդլայնմամբ պայմանավորված, նպաստել է տնտեսական աճի որոշակի վերականգնմանը, աճի հեռանկարները և կառուցվածքը, հատկապես արդյունաբերության ուղղությամբ, շարունակում են մնալ մտահոգիչ։ Ընդհանուր գնաճը նվազում է՝ ապրանքների գնաճի թուլացման հաշվին, իսկ ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակներում, արտահայտելով տնտեսության տարբեր հատվածներում զարգացումների միջև բևեռացման խորացումը։ Սա պարունակում է էական մարտահրավերներ ԵԿԲ քաղաքականության ճշգրտման արագության և գնաճի նպատակի կայուն ապահովման տեսանկյունից:

Հատկանշական է, որ Եվրոգոտում թույլ տնտեսական աճի պահպանման ռիսկերը, ինչպես նաև Չինաստանում անշարժ գույքի շուկայի, և ընդհանուր առմամբ, ներքին պահանջարկի շարունակական թուլացումը մնում են համաշխարհային տնտեսության՝ ավելի թույլ հեռանկարների վերաբերյալ հիմնական անորոշության աղբյուրները:

ՌԴ տնտեսությունում տնտեսական աճը շարունակվում է պահպանվել բարձր մակարդակներում, որին շարունակում է նպաստել ինչպես խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը, այնպես էլ մասնավոր ծախսումների զգալի աճը: Նման միջավայրում, ռազմական արդյունաբերության և մասնավոր հատվածի միջև աշխատուժի համար մրցակցության խորացումը  լարված աշխատանքի շուկայի պայմաններում կարող է հանգեցնել գնաճային ռիսկերի ուժգնացմանը։ Այս համատեքստում, 2024 թ-ի հոկտեմբերին Ռուսաստանի ԿԲ-ն շարունակել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 21%։ Մյուս կողմից, ավելի խիստ և թիրախավորված արևմտյան պատժամիջոցները՝ հարկաբյուջետային քաղաքականության դիրքի աստիճանական չեզոքացման պայմաններում շարունակում են որոշակի ռիսկեր պարունակել ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից:

Համաշխարհային ապրանքահումքային շուկայում  պարենային ապրանքների գները սեպտեմբերին որոշակիորեն աճել են՝ հիմնականում պայմանավորված անբարենպաստ եղանակային պայմաններով և ձևավորվել են նախորդ տարվա համեմատությամբ ավելի բարձր մակարդակներում: Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության խորացումը շարունակում է ռիսկեր պարունակել նավթի գների և տատանողականության հնարավոր աճի, ինչպես նաև համաշխարհային արժեշղթաների խաթարումների վերաբերյալ: Մյուս կողմից, համաշխարհային պահանջարկի հետագա թուլացման պարագայում, կարող ապրանքահումքային շուկաներում են արձանագրվել գնանկումային ճնշումներ:

Ներքին պահանջարկի պայմաններ

2024 թ-ի 3-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը շարունակել է աստիճանաբար թուլանալ՝ ձևավորվելով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող (5%-ի շուրջ) մակարդակից բարձր և հունվար-սեպտեմբերին կազմելով տ/տ 8.7%: Աճին շարունակել են էական նպաստում ունենալ շինարարության, առևտրի և ծառայությունների ճյուղերը: Հարկ է նշել, որ տնտեսական ակտիվության աճի դանդաղմանը զուգընթաց որոշակիորեն թուլացել է աճի կենտրոնացվածությունը: Սակայն, դեռևս ներուժային մակարդակից բարձր և հիմնականում փոքր թվով ենթաճյուղերում կենտրոնացված տնտեսական աճը անորոշություններ է պարունակում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի հարաբերական դիրքի վերաբերյալ:

2022թ-ից դիտարկվող բարձր արտաքին պահանջարկը 2024թ-ին աստիճանաբար թուլանում է, ինչն արտահայտվում է զբոսաշրջային հոսքերի կայունացմամբ և զբոսաշրջիկների իրական ծախսերի նվազմամբ: Համաշխարհային պահանջարկի թուլացման ֆոնին ՏՏ ծառայությունների թողարկումը և արտահանումը շարունակել են դանդաղման միտումները՝ բարձր արտադրողական օտարերկրյա աշխատուժի որոշակի արտահոսքի պայմաններում։ Մյուս կողմից՝ արտաքին առևտրային հոսքերի թուլացմանը զուգահեռ, նկատվում են արդյունաբերության «ավանդական» ենթաճյուղերի (այդ թվում՝ կոնյակ, ծխախոտ, պատրաստի սնունդ, և այլն) թողարկման և  արտահանման ընդլայնման որոշակի թույլ ազդակներ։ Այդուհանդերձ, վերոնշյալ ճյուղերի աճի վերաբերյալ ռիսկերը պահպանվում են:

Ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ մանրածախ առևտրի, սպառողական վարկերի, ներքին տուրիզմի և ծառայությունների բարձր աճերը վկայում են ուժեղ ներքին պահանջարկի մասին: Այս համատեքստում, սպառողական վարկերի տոկոսադրույքները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակում՝ արտահայտելով վերջինիս նկատմամբ բարձր պահանջարկը: Մյուս կողմից դեռևս որոշակիորեն կենտրոնացված տնտեսական աճը, դրամական փոխանցումների շարունակական նվազումը, աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը և ընդհանուր թույլ գնաճային միջավայրը կարող են վկայել համեմատաբար թույլ պահանջարկի միջավայրի մասին: Պահպանվում են անորոշությունները նաև ներքին պահանջարկի հեռանկարի տեսանկյունից: Սա հիմնականում վերաբերում է նախորդ տարիներին մասնավոր հատվածում եկամուտների համեմատությամբ պարտքի բեռի նվազմանը և կուտակված խնայողությունների օգտագործման ուղղություններին: Այս իրավիճակում խնայողությունների օգտագործման ուղղությունից և վարկավորման զարգացումներից կախված՝ համախառն առաջարկի և պահանջարկի վրա ազդեցությունը կարող է տարբեր լինել: Հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման հնարավոր ռիսկերը ևս մնում են առարկայական: Վերջինս հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների ծրագրի շարունակական թերակատարման և դրան զուգահեռ սոցիալական աջակցության լրացուցիչ ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված ընթացիկ ծախսերի հնարավոր ավելացման ռիսկերով:

Աշխատանքի շուկա և գնաճ

Աշխատանքի շուկայի զարգացումների վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է: Ըստ 2024թ.-ի 2-րդ եռամսյակի տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների` գործազրկության մակարդակը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է՝ կազմելով 13.8%, ինչը սակայն շուրջ 2.0 տոկոսային կետով ավելի բարձր է նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատ: Հաշվի առնելով գործազրկության մակարդակի շուրջ առկա անորոշությունները՝ կարևոր է մշտադիտարկել դրանցից ածանցվող հնարավոր սցենարները։ Մի կողմից՝ վերջինս կարող է մեկնաբանվել որպես տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացման և ճշգրտման գործոն՝ հաշվի առնելով, որ գործազրկության մակարդակի մեծացումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեղի է ունեցել զբաղվածների նվազման (ըստ տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների՝ մոտ 20 հազար) և ոչ թե աշխատուժի առաջարկի ավելացման հաշվին: Սա համահունչ է նաև ընթացիկ տարվա ընթացքում նկատվող օտարերկրյա աշխատողների (օր.՝ Հնդկաստանի քաղաքացիների) որոշակի արտահոսքի հետ: Մյուս կողմից՝ պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակը (ըստ ՊԵԿ տվյալների բազայի) շարունակել է աճել՝ վերջին մեկ տարում՝ մոտ 34 հազարով: Վերջինս կարող է վկայել տնտեսությունում աշխատանքի շուկայի ավելի խիստ պայմանների առկայության մասին: Այս համատեքստում, որպես այլընտրանքային մեկնաբանություն, գրանցված աշխատողների թվաքանակի աճը կարող է ենթադրել աշխատանքի շուկայի ստվերային հատվածի աստիճանական նվազում և ֆորմալ զբաղվածության աճ:

Վերջին ամիսներին նկատվել է աշխատավարձերի աճի որոշ արագացում, սակայն այն դեռևս ձևավորվում է արտադրողականության աճի և գնաճի թիրախին համահունչ մակարդակներից ցածր, շուրջ 6.0% մակարդակում: Միջնաժամկետում ու երկարաժամկետում աշխատաշուկայի պայմանների և շուկայից բխող ճնշումների հետագա թուլացման աղբյուր կարող է լինել նաև աշխատուժի առաջարկի հնարավոր լրացուցիչ ավելացումը: Այստեղ հիմնական անորոշությունը կապված է ՀՀ աշխատաշուկային ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության ինտեգրման արագության, ինչպես նաև օտարկերկրյա քաղաքացիների համար դեպի ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման պայմանների հնարավոր խստացման ռիսկերի, դեպի ՌԴ ՀՀ աշխատանքային միգրանտների հոսքի նվազման և ներքին տնտեսությունում աշխատանքի շուկային ինտեգրման հնարավորության հետ: Մյուս կողմից՝ վերջին ամիսներին նկատվում է ոչ ռեզիդենտ զբաղվածների թվաքանակի որոշակի նվազում: Նմանատիպ միտումների պահպանումը կամ արագացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես տնտեսությունում աշխատուժի առաջարկի, այնպես էլ ներուժային ՀՆԱ-ի վրա:

2024 թ-ի երրորդ եռամսյակում տնտեսությունում թույլ գնաճային միջավայրը պահպանվել է՝ մեծամասամբ պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող թույլ գնաճային միջավայրով, ինչպես նաև արտաքին պահանջարկի թուլացմամբ: Այս իրավիճակում, 2023 թվականի ապրիլից 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից ցածր մակարդակում՝ 2024 թվականի սեպտեմբերին կազմելով 0.7%: Հարաբերականորեն կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը, որը հիմնականում բնութագրում է ներքին պահանջարկով պայմանավորված գների վարքագիծը, պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով տ/տ 3%: Միջազգային շուկայում պարենի գների արձանագրվող աճը մասամբ արտացոլվել է ներմուծված պարենի գներում: Զուգահեռաբար, արտաքին պահանջարկի հետ կապված ծառայությունների գնաճը շարունակել է նվազել՝ արտահայտելով պահանջարկի դանդաղման միտումները: Այնուամենայնիվ, տնային տնտեսությունների գնաճային սպասումների հետ կապված անորոշությունները դեռևս պահպանվում են:

Դրամավարկային քաղաքականություն

ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի մասնակիցների կողմից սպասումները նախորդ հարցումների համեմատությամբ որոշակիորեն ճշգրտվել են ներքևի ուղղությամբ և արտահայտում են առաջիկա 8 որոշումների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական նվազման ուղեգիծը: Եկամտաբերության կորի կարճ հատվածը քաղաքականության տոկոսադրույքի նախորդ որոշումներից հետո որոշակիորեն տեղաշարժվել է ներքև, իսկ երկարաժամկետ հատվածը մնացել է կայուն։ Միաժամանակ, ըստ ԿԲ գնահատման, եկամտաբերության կորի ընթացիկ ցուցանիշներում, բացի տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի սպասումներից, գնանշված են ռիսկի տարբեր գործոններ:

Ի տարբերություն զարգացող երկրներում արձանագրվող երկրի ռիսկի հավելավճարի առավել էական նվազումներին՝ Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը ընթացիկ տարում պահպանվում է երկրի հիմնարարներով պայմանավորված երկրարաժամկետ կայուն  մակարդակից զգալիորեն ցածր։ Այդուհանդերձ, վերջինս պարունակում է պարտքի կայունության, աշխարհաքաղաքական՝ այդ թվում՝ սահմանային լարվածության, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ անորոշություններ։ Այս համատեքստում, երկրի ռիսկի հավելավճարի՝ վերևի ուղղությամբ հնարավոր ճշգրտումը ռիսկեր է պարունակում չեզոք տոկոսադրույքի դեպի վեր վերանայման տեսանկյունից, ինչը այլ հավասար պայմաններում առավել խթանող ԴՎՔ դիրքի պայմաններում պարունակում է առավելապես գնաճային ռիսկեր: Միևնույն ժամանակ, ՀՀ մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը որոշակի դրական նախադրյալներ են երկրի ռիսկայնության հնարավոր վերագնահատման և չեզոք տոկոսադրույքի նվազման տեսանկյունից:

ՀՀ ԿԲ-ն, առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը խելամիտ կառավարելու նպատակով, կառուցում և դիտարկում է տնտեսական իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ: Մի կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները պահանջում են քաղաքականության՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք, միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար։ Նշված սցենարները հիմնականում ներառում են հետևյալ ռիսկերն ու անորոշությունները՝

  • ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի երկար և բարձր մակարդակում պահպանման ռիսկեր,
  • համաշխարհային և տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածության հնարավոր սրացումից ածանցվող առաջարկի արժեշղթաների խաթարման հետ կապված ռիսկեր,
  • բյուջեի պակասուրդի և աշխարհաքաղաքական լարվածության պարագայում երկրի ռիսկի հավելավճարի հետ կապված անորոշություն,
  • շարունակական ավելցուկային պահանջարկի պայմաններ և բարձր գնաճային սպասումներ, և այլ ռիսկեր ու անորոշություններ:

Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները ենթադրում են քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ նվազման ուղի: Այս տեսակի սցենարները ներառում են հետևյալ ռիսկերն ու անորոշությունները.

  • ներքին տնտեսությունում շատ ավելի թույլ համախառն պահանջարկի պայմանների հետ կապված ռիսկեր,
  • ՀՀ աշխատաշուկայի պայմանների արագ ու կտրուկ թուլացման հետ կապված սցենարներ,
  • անշարժ գույքի շուկայում բնակարանաշինության ոլորտի հնարավոր արագ կրճատման վերաբերյալ մտահոգություններ,
  • տնտեսության իրական հատվածում կուտակված խնայողությունների հաշվին ներդրումների բարձր աճի հնարավոր սցենարներ,
  • համաշխարհային պահանջարկի կտրուկ նվազման ռիսկեր, և այլ ռիսկեր ու անորոշություններ:
20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85