ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.00%
2024 թվականի դեկտեմբերի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:
2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ նոյեմբերին կազմելով 1․4%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ հոկտեմբերին կազմելով 0.6%:
2024 թ-ի չորրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միջազգային ապրանքահումքային շուկաներում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից ռիսկերը պահպանվում են՝ պայմանավորված աշխարհաքաղաքական խնդիրներով, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ: Միաժամանակ, գործընկեր երկրներում՝ հատկապես ԱՄՆ-ում, չնայած վերջին շրջանում արձանագրված որոշակի թուլացմանը, աշխատաշուկայի պայմանները մնում են խիստ: Մյուս կողմից՝ էականորեն ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի և դրանից բխող երկարաժամկետ տոկոսադրույքների վերաբերյալ անորոշությունները: Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում կշարունակեն քաղաքականության տոկոսադրույքների աստիճանական, նախկին սպասումների համեմատությամբ ավելի դանդաղ թուլացումը՝ առաջիկայում դեռևս պահպանելով դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:
2024 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակին: Տնտեսական աճին մեծապես նպաստել է շինարարության, ծառայությունների և առևտրի ճյուղերի բարձր աճը: Այն շարունակել է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ: Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է ճշգրտվել: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ: Այս զարգացումներին զուգահեռ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը պահպանվում են։
Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Ա տիպի), որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի ձևավորման և երկարատև պահպանման, ինչպես նաև երկարաժամկետ տոկոսադրույքների վերաբերյալ անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Բ տիպի), այդ թվում՝ կապված շինարարության ոլորտի աստիճանական դանդաղման, պահանջարկի թուլացման և ցածր գնաճային միջավայրի երկար պահպանման ռիսկերի հետ: Դա ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:
Արդյունքում՝ արձանագրելով Բ տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականությունը, սակայն կարևորելով նաև Ա տիպի սցենարներից բխող էական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% նպատակի և գների կայունության ապահովման համար:
Տնտեսական իրավիճակի ամփոփագիր
Համաշխարհային տնտեսություն
2024 թ. 4-րդ եռամսյակում, հիմնական գործընկեր երկրներում շարունակել են արձանագրվել ոչ միանման տնտեսական զարգացումներ: Մի կողմից՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է, որին մեծապես նպաստում է ներքին սպառման՝ հատկապես ծառայությունների բարձր աճը, մյուս կողմից՝ Չինաստանում նկատվում է ակտիվության դանդաղում՝ ներքին պահանջարկի թուլացմամբ պայմանավորված: Եվրոգուտում, տնտեսական աճը, հիմնականում պայմանավորված արտաքին պահանջարկով, փոքր ինչ արագացել է՝ դեռևս ձևավորվելով ցածր մակարդակներում: Համաշխարհային տնտեսությունում, ընդհանուր առմամբ, պահպանում են ակտիվության դանդաղման ռիսկերը:
ԱՄՆ-ում տնտեսության հիմնարարների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Այսպես, չնայած վերջին եռամսյակների ընթացքում շուկայական տոկոսադրույքների բարձր մակարդակներին, սպառումը ԱՄՆ-ում շարունակում է աճել բարձր տեմպերով՝ նպաստելով բարձր տնտեսական աճի պահպանմանը: 2024թ. երրորդ եռամսյակում արձանագրվել է մոտ 2.8% տնտեսական աճ, որին շուրջ 2.5 տոկոսային կետ նպաստում է ունեցել համախառն սպառման աճը: Զուգահեռաբար, ֆինանսական ակտիվների գները շարունակում են աճել, ստեղծելով սպառման՝ առաջիկայում ևս, բարձր մակարդակներում պահպանման ռիսկեր։ Այս պայմաններում, թեև ընդհանուր գնաճը աստիճանաբար մոտենում է թիրախին, հիմնարար գնաճը բնութագրող որոշ ցուցանիշներ, այդ թվում՝ կոշտ գներով բնութագրվող ապրանքների գնաճը և աշխատավարձերի աճը դեռևս ձևավորվում են թիրախային մակարդակից զգալիորեն բարձր: Որոշակիորեն մեծացել են ռիսկերը, հատկապես միջնաժամկետ հատվածում, հարկաբյուջետային քաղաքականության առավել խթանող դիրքի ձևավորման տեսանկյունից: Սա ևս մեկ մարտահրավեր է դրամավարկային քաղաքականության համար, ոչ միայն կարճաժամկետ գնաճային ազդեցությունների, այլև պարտքային բեռի ավելի բարձր հետագծի ձևավորման պարագայում չեզոք տոկոսադրույքի վրա ազդեցության համատեքստում: Վերոնշյալ զարգացումները շարունակում են որոշակի մարտահրավերներ ստեղծել դրամավարկային մարմինների համար՝ գնաճը վերջնականապես թիրախին մոտեցնելու և գների կայունության հանձնառության ապահովման տեսանկյունից:
Մյուս կողմից՝ դեռևս խիստ դրամավարկային և վարկավորման պայմանների միջավայրում պահպանվում են աշխատաշուկայի հետագա, անցանկալի թուլացման ռիսկեր։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ այս ուղղությամբ ռիսկերը վերջին շրջանում որոշակիորեն թուլացել են: Այս պարագայում, հաշվի առնելով տնտեսության և աշխատաշուկայի արագ ճշգրտման և մյուս կողմից՝ դեռևս բարձր սպառման և պահանջարկի պայմանների պահպանման ռիսկերը՝ առաջիկայում հիմնական անորոշությունը վերաբերում է քաղաքականության դիրքի թուլացման արագությանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում պահպանվում են միջնաժամկետ չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ ինչպես ԱՄՆ-ի ԴՊՀ քաղաքականության ապագա ուղեգծի, այնպես էլ երկարաժամկետ տոկոսադրույքների ու զարգացող երկրներում կապիտալի հոսքերի վրա:
Եվրոպական կենտրոնական բանկը 2024 թ. հոկտեմբերին, ընթացիկ տարում արդեն 3-րդ անգամ, որոշեց նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ սահմանելով 3.4%։ Թեև ծառայությունների ոլորտը՝ արտաքին պահանջարկի ընդլայնմամբ պայմանավորված, նպաստել է վերջին շրջանում տնտեսական աճի որոշակի վերականգնմանը, սակայն աճի հեռանկարները և կառուցվածքը, հատկապես արդյունաբերության ուղղությամբ, շարունակում են մնալ մտահոգիչ։ Ընդհանուր գնաճը նվազում է՝ ապրանքների գնաճի թուլացման հաշվին, իսկ ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակներում, արտահայտելով տնտեսության տարբեր հատվածներում զարգացումների միջև բևեռացման խորացումը։ Սա պարունակում է էական մարտահրավերներ ԵԿԲ քաղաքականության ճշգրտման արագության և գնաճի նպատակի կայուն ապահովման տեսանկյունից:
Եվրոգոտում և Չինաստանում թույլ ներքին պահանջարկի պահպանման ռիսկերը մնում են համաշխարհային տնտեսության՝ ավելի թույլ հեռանկարների վերաբերյալ հիմնական անորոշության աղբյուրները:
Ռուսաստանում տնտեսական աճը պահպանվում է բարձր մակարդակներում, որին շարունակում է նպաստել ինչպես խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը, այնպես էլ մասնավոր ծախսումների զգալի աճը: : Նման միջավայրում, ռազմական արդյունաբերության և մասնավոր հատվածի միջև աշխատուժի համար մրցակցության խորացումը լարված աշխատանքի շուկայի պայմաններում կարող է հանգեցնել գնաճային ռիսկերի ուժգնացմանը։ Այս համատեքստում, չնայած Ռուսաստանի ԿԲ-ի կողմից քաղաքականության պայմանների զգալի խստացմանը, գնաճի կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց դեռևս չի նկատվում։ Մյուս կողմից, ավելի խիստ և թիրախավորված արևմտյան պատժամիջոցները՝ դրամավարկային պայմանների զգալի խստացման միջավայրում որոշակի ռիսկեր են պարունակում ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից:
Համաշխարհային ապրանքահումքային շուկաներում պարենային ապրանքների գները հոկտեմբերին ևս շարունակել են որոշակիորեն աճել՝ հիմնականում պայմանավորված արձանագրված անբարենպաստ եղանակային պայմաններով, և ձևավորվել են նախորդ տարվա համեմատությամբ ավելի բարձր մակարդակներում: Այդուհանդերձ, ապրանքահումքային շուկաների միջնաժամկետ զարգացումների շուրջ զգալի անորոշությունը պահպանվում է: Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության խորացումը շարունակում է ռիսկեր պարունակել նավթի գների և տատանողականության հնարավոր աճի, ինչպես նաև համաշխարհային արժեշղթաների հնարավոր խաթարումների վերաբերյալ: Մյուս կողմից, համաշխարհային պահանջարկի հետագա թուլացման պարագայում, կարող են արձանագրվել գնանկումային ճնշումներ:
Ներքին պահանջարկի պայմաններ
2024 թ-ի 3-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը շարունակել է թուլանալ՝ ձևավորվելով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակին մոտ՝ տ/տ 5.2%: Աճին շարունակել են էական նպաստում ունենալ շինարարության, առևտրի և ծառայությունների ճյուղերը: Հարկ է նշել, որ տնտեսական աճի դանդաղմանը զուգընթաց թուլացել է նաև կենտրոնացվածությունը: Այդուհանդերձ, աճի կառուցվածքով պայմանավորված համախառն առաջարկի և համախառն պահանջարկի հարաբերական դիրքի վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է:
2022 թ-ից դիտարկվող բարձր արտաքին պահանջարկը աստիճանաբար թուլանում է, ինչն արտահայտվում է զբոսաշրջային հոսքերի կայունացմամբ և զբոսաշրջիկների իրական ծախսերի ճշգրտմամբ: Տնտեսական ակտիվության արագացում է նկատվում մշակող արդյունաբերության որոշ «ավանդական», օրինակ, սննդի և ծխախոտի արդյունաբերության ճյուղերում։ Այդուհանդերձ, վերոնշյալ ճյուղերի աճի հեռանկարների վերաբերյալ ռիսկերը, պայմանավորված կարողությունների աճի թույլ տեմպերով, պահպանվում են:
Ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ մանրածախ առևտրի, սպառողական վարկերի, ներքին զբոսաշրջության և ծառայությունների բարձր աճերը վկայում են ուժեղ ներքին պահանջարկի մասին: Այս համատեքստում սպառողական վարկերի տոկոսադրույքները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակում՝ արտահայտելով վերջինիս նկատմամբ բարձր պահանջարկը: Մյուս կողմից՝ դեռևս որոշակիորեն կենտրոնացված տնտեսական աճը, դրամական փոխանցումների շարունակական նվազումը, աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը և ընդհանուր թույլ գնաճային միջավայրը կարող են վկայել համեմատաբար թույլ պահանջարկի միջավայրի մասին: Պահպանվում են անորոշությունները նաև ներքին պահանջարկի հեռանկարի տեսանկյունից: Սա հիմնականում վերաբերում է նախորդ տարիներին մասնավոր հատվածում եկամուտների համեմատությամբ պարտքի բեռի նվազմանը և կուտակված խնայողությունների օգտագործման ուղղություններին: Այս իրավիճակում խնայողությունների օգտագործման ուղղությունից և վարկավորման զարգացումներից կախված՝ համախառն առաջարկի և պահանջարկի վրա ազդեցությունը կարող է տարբեր լինել: Հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման հնարավոր ռիսկերը ևս մնում են առարկայական: Վերջինս հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների ծրագրի թերակատարման և, դրան զուգահեռ, սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերի հնարավոր ավելացման ռիսկերով:
Աշխատանքի շուկա և գնաճ
Աշխատանքի շուկայի զարգացումների վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է: Ըստ 2024թ.-ի 2-րդ եռամսյակի տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների` գործազրկության մակարդակը կազմել է 13.8%, շուրջ 2 տոկոսային կետով բարձր նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատ: Հաշվի առնելով գործազրկության մակարդակի շուրջ առկա անորոշությունները՝ կարևոր է մշտադիտարկել դրանից ածանցվող հնարավոր սցենարները։ Մի կողմից՝ վերջինս կարող է մեկնաբանվել որպես տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացման և ճշգրտման գործոն՝ հաշվի առնելով, որ գործազրկության մակարդակի մեծացումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեղի է ունեցել զբաղվածների նվազման և ոչ թե աշխատուժի առաջարկի ավելացման հաշվին: Սա համահունչ է նաև ընթացիկ տարվա ընթացքում նկատվող օտարերկրյա աշխատողների որոշակի արտահոսքի և աշխատավարձերի աճի տեմպերի դանդաղման հետ: Մյուս կողմից՝ պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակը (ըստ ՊԵԿ տվյալների բազայի) շարունակել է աճել՝ վերջին մեկ տարում՝ մոտ 34 հազարով: Վերջինս կարող է վկայել տնտեսությունում աշխատանքի շուկայի ավելի խիստ պայմանների առկայության մասին: Այս համատեքստում, որպես այլընտրանքային մեկնաբանություն, գրանցված աշխատողների թվաքանակի աճը կարող է ենթադրել աշխատանքի շուկայի ստվերային հատվածի աստիճանական նվազում և ֆորմալ զբաղվածության աճ:
Վերջին ամիսներին նկատվել է մասնավոր հատվածի աշխատավարձերի աճի որոշ արագացում, սակայն այն դեռևս ձևավորվում է արտադրողականության աճի և գնաճի թիրախին համահունչ մակարդակներից ցածր: Միջնաժամկետում ու երկարաժամկետում աշխատաշուկայի պայմանների և շուկայից բխող ճնշումների հետագա թուլացման աղբյուր կարող է լինել նաև աշխատուժի առաջարկի հնարավոր լրացուցիչ ընդլայնումը: Այստեղ հիմնական անորոշությունը կապված է Ռուսաստանի տնտեսության աճի հեռանկարների շուրջ բարձր անորոշության և ռուբլու ընթացիկ արժեզրկման պայմաններում դեպի ՌԴ ՀՀ աշխատանքային միգրանտների հոսքի նվազման և ներքին տնտեսությունում աշխատանքի շուկային ինտեգրման հնարավորության հետ:
2024 թ-ի երրորդ եռամսյակում տնտեսությունում թույլ գնաճային միջավայրը պահպանվել է՝ մեծամասամբ պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող դեռևս գնանկումային միջավայրով, ինչպես նաև ներքին որոշ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի թուլացմամբ: Այս իրավիճակում, 2023 թվականի ապրիլից 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից ցածր մակարդակում՝ 2024 թվականի նոյեմբերին կազմելով 1.4%:
Հարաբերականորեն կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը, որը հիմնականում բնութագրում է ներքին պահանջարկով պայմանավորված գների վարքագիծը, պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ հոկտեմբերին կազմելով տ/տ 2.5%: Միջազգային շուկայում պարենի գների աճը դեռևս ոչ ամբողջությամբ է արտացոլվել ներքին գներում: Մյուս կողմից, շարունակվում է ներմուծվող ոչ պարենային ապրանքների գնանկումը: Վերջինս հիմնականում պայմանավորված է Չինաստանի տնտեսությունում արձանագրվող արտադրողների գների շարունակական անկմամբ: Զուգահեռաբար, արտաքին պահանջարկի թուլացման հետ կապված, որոշ ծառայությունների գնաճը շարունակել է թուլանալ: Այս պայմաններում գնաճային սպասումները շարունակել են նվազել՝ մոտենալով թիրախային մակարդակին: Վերոնշյալի մասին են վկայում ինչպես երկար ժամանակ պահպանվող ցածր գնաճային միջավայրը, այնպես էլ տնային տնտեսությունների շրջանում անցկացվող հարցումները:
Դրամավարկային քաղաքականություն
ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի մասնակիցների կողմից սպասումները նախորդ հարցումների համեմատությամբ որոշակիորեն ճշգրտվել են ներքևի ուղղությամբ և արտահայտում են առաջիկա 8 որոշումների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական նվազման ուղեգիծը: Եկամտաբերության կորը քաղաքականության տոկոսադրույքի նախորդ որոշումներից հետո որոշակիորեն տեղաշարժվել է վերև: Սա կարող է պայմանավորված լինել ինչպես որոշ կարճաժամկետ գործոնների, այնպես էլ ներքին պետական պարտքի մակարդակի՝ սպասումների համեմատ ավելի արագ աճի, վարկավորման (այլընտրանքային ներդրումներ) նկատմամբ ընթացիկ բարձր պահանջարկի պահպանման և արտաքին աշխարհում, մասնավորապես ԱՄՆ տնտեսությունում տոկոսադրույքների՝ նախկին սպասումների համեմատությամբ ավելի աստիճանական նվազման և այլ գործոնների ազդեցությամբ: Միաժամանակ, ըստ ԿԲ գնահատման, եկամտաբերության կորի ընթացիկ ցուցանիշներում, բացի տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի սպասումներից, գնանշված են ռիսկի տարբեր գործոններ:
Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը վերջին ամիսների ընթացքում որոշակիորեն նվազել և պահպանվում է երկրի հիմնարարներով պայմանավորված երկարարաժամկետ կայուն մակարդակից զգալիորեն ցածր։ Այդուհանդերձ, վերջինս պարունակում է պարտքի կայունության, աշխարհաքաղաքական՝ այդ թվում՝ սահմանային լարվածության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ անորոշություններ։ Այս համատեքստում, երկրի ռիսկի հավելավճարի՝ վերևի ուղղությամբ հնարավոր ճշգրտումը ռիսկեր է պարունակում չեզոք տոկոսադրույքի դեպի վեր վերանայման տեսանկյունից, ինչը այլ հավասար պայմաններում առավել խթանող ԴՎՔ դիրքի պայմաններում պարունակում է առավելապես գնաճային ռիսկեր: Միևնույն ժամանակ, ՀՀ մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը որոշակի դրական նախադրյալներ են երկրի ռիսկայնության հնարավոր վերագնահատման և չեզոք տոկոսադրույքի նվազման տեսանկյունից:
ՀՀ ԿԲ-ն, առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը խելամիտ կառավարելու նպատակով, կառուցում և դիտարկում է տնտեսական իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ: Սույն զեկույցում ներկայացված տիպային Ա սցենարի (որը պահանջում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի բարձր ուղեգիծ) հիմքում այն դատողություններն են, որ ՀՀ-ում դեռևս ներուժային մակարդակից բարձր, հիմնականում ներքին պահանջարկի ընդլայնմամբ շարժվող տնտեսական աճի պահպանումը կարող է ենթադրել, որ ավելցուկային պահանջարկի պայմանները ՀՀ-ում դեռևս պահպանվում են։ Մյուս կողմից, մասնավոր հատվածում կուտակված բարձր խնայողությունները, տնտեսության վարկավորման բարձր աճը և սպասվող բարձր պահանջարկը, ինչպես նաև արտահանման դրական զարգացումներից ածանցվող եկամուտների աճը կարող են առաջիկայում ևս նպաստել մասնավոր ծախսումների աճի արագացմանը: Ի լրումն վերոնշյալ բաղադրիչների, հարկաբյուջետային քաղաքականության սպասվածի համեմատ ավելի խթանող դիրքի ձևավորումը ներքին պահանջարկի ընդլայնման ուղղությամբ մեկ այլ, առարկայական ռիսկ է: Հարկ է նաև նշել, որ պարտքի բեռի՝ սպասումների համեմատությամբ ավելի արագ աճը՝ որոշակի ռիսկեր է պարունակում նաև երկրի ռիսկ-հավելավճարի ավելացման, և հետևաբար չեզոք տոկոսադրույքի վերանայման ուղղությամբ։ Այս պարագայում ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ուղին կարող է ունենալ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի խիստ դիրք՝ հաշվի առնելով ներքին բարձր պահանջարկի ձևավորման և համապատասխան գնաճային ռիսկերը:
Սույն զեկույցում ներկայացված տիպային Բ սցենարի (որը պահանջում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի ցածր ուղեգիծ) հիմքում ընկած են անշարժ գույքի առաջնային շուկայում ձևավորված հավանական գերառաջարկի պայմաններում գների բնականոն, աստիճանական ճշգրտման՝ ամբողջական պահանջարկի վրա ազդեցության չափի շուրջ անորոշությունները: Այս ճշգրտումը կարող է արտահայտվել թե շինարարության տեմպերի, թե անշարժ գույքի գների և վարձավճարների նվազմամբ՝ ներքին պահանջարկի և գնաճային միջավայրի վրա համապատասխան ազդեցություններով: Հարկ է նաև նշել, որ ներկայումս արդեն նկատվում են որոշակի նախանշաններ, որոնք վկայում են հատկապես Երևան քաղաքում շինարարության ծավալների առաջիկա կրճատման մասին: Նման իրավիճակում, ԿԲ-ն կնախընտրի շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի առավել կտրուկ նվազման ուղի՝ միջնաժամկետում պահանջարկը խթանելու և գնաճը թիրախին մոտեցնելու նպատակով:
Ընթացիկ ժամանակահատվածին բնորոշ հիմնարար ռիսկերի և անորոշությունների պայմաններում, հնարավոր ռիսկերի խելամիտ կառավարման նպատակով, ՀՀ ԿԲ-ն կառուցում և դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Քաղաքականությանը վերաբերող քննարկումների, ինչպես նաև սցենարների նկարագրված ռիսկերի հաղորդակցման նպատակով առավել մանրամասն դիտարկվել են տիպային երկու սցենարներ: Տիպային այս սցենարները չեն ներկայացնում ամենահավանական ապագան, չեն կարևորում և որոշակի հավանականություն վերագրում հիմնական արդյունքներին, ինչպես նաև ամբողջությամբ չեն ամփոփում տնտեսությանը բնորոշ բոլոր ռիսկերն ու անորոշությունները: