ԿԱՅԱՑԵԼ Է «ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Ծաղկաձորում կայացել է «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները եւ խոչընդոտները» խորագրով ուսանողական գիտաժողով, որը կազմակերպել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Գիտաժողովին մասնակցել են բուհի հարյուրից ավել ուսանողներ եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Գիտաժողովի հիմնական նպատակն է ուսումնասիրել ՀՀ-ում առկա տնտեսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու խոչընդոտները՝ օգտագործելով երիտասարդ տնտեսագետների ներուժը, գիտելիքներն ու միտքը ՝ տնտեսության զարգացման նոր առաջարկներ եւ գաղափարներ ներկայացնելու միջոցով:
Գիտաժողովին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ողջունելով ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմին՝ Աժ նախագահը նշել է, որ ամենամյա գիտաժողովների անցկացումը կարեւոր է, քանի որ ուսանողները հնարավորություն են ունենում ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացման, ֆինանսատնտեսական ճգնաժամերի հաղթահարման ծրագրերի վերաբերյալ իրենց կարծիքները, դատողություններն ու առաջարկները: Գիտաժողովներն առավել արդյունավետ լինելու նպատակով Հովիկ Աբրահամյանը հորդորել է ուսանողներին գրավոր առաջարկները ներկայացնել կառավարությանը, որպեսզի գործադիր իշխանությունն, ըստ անհրաժեշտության, դրանք ներառի տնտեսական զարգացման ծրագրերում:
ԱԺ նախագահի կարծիքով՝ Հայաստանում թեեւ 2012 թվականին գրանցվել է 7.2% տնտեսական աճ, այդուհանդերձ, տնտեսական ճգնաժամը մեր երկրում դեռեւս ամբողջությամբ հաղթահարված չէ: Այդ գործում Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել տնտեսագիտական գիտելիքների ներդրումն ու կիրառումը: Տնտեսագիտական տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով խորհրդարանի նախագահը ուսանողներին եւ դասախոսներին գործնական առաջարկ է ներկայացրել՝ Ազգային Ժողովի տնտեսական եւ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովներում կազմակերպել հանդիպումներ, որոնք փորձի փոխանակման հնարավորություն կտան: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է տնտեսագիտության բնագավառում բարձրակարգ կադրերի պատրաստումը, ինչը կնպաստի գիտելիքահեն տնտեսության զարգացմանը: