
Ներմուծվող զենքը վնասում է ԵՄ տնտեսությանը
Եթե ԵՄ-ն, տրամադրելով տրիլիոնավոր եվրոներ պաշտպանության ծախսերի համար, շարունակի զենք գնել այլ երկրներից՝ փոխարենը սեփական արտադրությունն ու մշակումը զարգացնելու, ապա կկորցնի հսկայական հնարավորություններ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Bloomberg Economics-ի կատարած հաշվարկները ցույց են տվել, որ հնարավոր տնտեսական օգուտները կկորչեն, եթե ԵՄ երկրները չփոխեն իրենց զինված ուժերի մեջ ներդրումների ռազմավարությունը և չզարգացնեն սեփական զենքի արտադրությունն ու նորարարությունները։ Եթե իրավիճակը չփոխվի, ապա պաշտպանության ոլորտում հսկայական ծախսերը կտան միայն կարճաժամկետ տնտեսական աճ, որը երեք տարվա ընթացքում կդադարի։
Խոսքն այն մասին է, որ եվրոպացի հարկատուների գումարները կարող են պարզապես դուրս հոսել Եվրամիության տնտեսությունից, եթե ԵՄ երկրները սահմանափակվեն միայն արտասահմանից ռազմական տեխնիկա գնելով՝ ներդրում չանելով սեփական գիտահետազոտական և արտադրական կարողությունների մեջ։
Հայտնի է, որ Վաշինգտոնի պահանջներին ընդառաջ գնալով՝ եվրոպական երկրները պետք է ռազմական ծախսերը հասցնեն առնվազն ՀՆԱ-ի 3.5%-ի։ Օրինակ՝ Գերմանիան ստիպված կլինի մինչև 2035 թվականը լրացուցիչ ծախսել 689 միլիարդ եվրո։ Իտալիայի և Ֆրանսիայի ծախսերը կգերազանցեն 400 միլիարդ եվրոն։ Սա լուրջ բեռ է պետությունների ֆինանսական համակարգերի վրա։
Հրատարակությունը հիշեցրել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդի խոսքերը, ըստ որոնց՝ պետության կողմից պաշտպանությանը և ենթակառուցվածքներին ուղղված ներդրումները միջնաժամկետ հեռանկարում կաջակցեն տնտեսության աճին։ Սակայն Bloomberg Economics-ի գնահատմամբ՝ այս ծախսերի ազդեցությունը կլինի աննշան։ Եվրոգոտու չորս խոշորագույն տնտեսությունները կստանան տնտեսական աճի միայն փոքրիկ խթանում՝ ընդամենը 0.1-0.2 տոկոսային կետի չափով։
Ավելի արագ աճի ԵՄ-ն կարող է հասնել միայն այն դեպքում, եթե դադարի ռազմական բյուջեի մեծ մասը հատկացնել աշխատավարձերի, սպասարկման ու սարքավորումների վրա՝ թողնելով նորարարությունների և գիտահետազոտական աշխատանքների համար ընդամենը չնչին՝ 4% բաժին։
Ավելի վաղ Politico հրատարակությունը կանխատեսել էր, որ պաշտպանական ծախսերի մեծացումը կարող է հանգեցնել ԵՄ երկրների պետական պարտքի էական աճի։ Սակայն տեղական տնտեսությունները դրանից նշանակալի օգուտ չեն ստանա։