
«CyberNinja Camp»-ից մինչև «GGC: Youth Edition» խաղային կոնֆերանս․ տեխնոլոգիական կրթության ազդեցությունը մարզերում
Հունիսի 25-ին և 27-ին Սյունիքի մարզում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) «Sisian Co-creation Lab»-ում և «Agarak Co-creation Lab»-ում, անցկացվեց մարզային այց՝ «CyberNinja Camp: Mission Syunik» խորագրի ներքո։ Այն իրականացվում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՁԻՀ-ի համագործակցությամբ իրականացված «CyberNinja Camp» կիբեռանվտանգության ուսուցման ծրագրի շրջանակում։
Այցի նպատակն էր ոչ միայն ամփոփել ծրագրի հիմնական փուլը, այլ նաև ընդգծել դրա շարունակական ազդեցությունն ու կիրառելիությունը մարզային համայնքներում։ Մասնակիցները ներգրավվեցին գործնական ուսուցման, թիմային խնդիրների լուծման, ինչպես նաև քննարկումների, որոնց ընթացքում ներկայացվեցին համայնքներում ձևավորված հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։
Մարզայցի շրջանակում Ագարակում՝ «CyberNinja Camp»-ի սյունեցի մասնակիցները, իսկ Սիսիանում՝ նաև ծրագրի լոռեցի մասնակիցները, անցկացրին աշխատարաններ կիբեռանվտանգության թեմայով՝ ներկայացնելով թվային տիրույթում անձնական տվյալների պաշտպանության և սեփական անվտանգության ապահովման մեթոդները, պատմելով տարածված կիբեռհարձակումների և զեղծարարությունների մասին, սովորեցրին՝ ինչպես խուսափել դրանցից:
Այցի շրջանկում ՁԻՀ ԳՏԿ ներկայացուցիչները հանդիպեցին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի հետ՝ քննարկելով «Sisian Co-creation Lab»-ում իրականացվելիք առաջիկա ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՁԻՀ-ի համագործակցությամբ իրականացված «CyberNinja Camp» կիբեռանվտանգության ուսուցման ծրագիրը՝ «Gamechangers: Next Level» ծրագրի հետ միասին եզրափակվեցին Գյումրիում՝ հունիսի 15-ին տեղի ունեցած «Gyumri Game Conference (GGC): Youth Edition» միջոցառման շրջանակում, որը՝ շարունակելով նախորդ տարվա լավագույն փորձը, հանդես էր գալիս նոր ձևաչափով՝ որպես Հայաստանում ամենախոշոր երիտասարդական տեխնոլոգիական միջոցառումներից մեկը։ «GGC: Youth Edition» խորագրի ներքո համաժողովը միավորեց խաղային արդյունաբերության և ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչների, երիտասարդ տաղանդների և միջազգային գործընկերների՝ նպատակ ունենալով խթանել ոլորտային զարգացումը և համագործակցությունը։
«Gamechangers: Next Level»-ին Սյունքի մարզից մասնակցած 15-ամյա Նունե Հակոբջանյանը ծրագրի մասին խոսելիս՝ նշում է․ «Ծրագրին մասնակցելն ինձ համար մեծ հնարավորություն էր։ Մենք ոչ միայն սովորեցինք խաղեր ստեղծելու հիմունքները, այլև աշխատեցինք թիմերով՝ գաղափարները վերածեցինք իրական նախագծերի։ Առցանց ձևաչափը թույլ տվեց մասնակցել նույնիսկ մեր համայնքից։ Հիմա արդեն վստահ եմ, որ ուզում եմ իմ մասնագիտական ուղին կառուցել տեխնոլոգիական ոլորտում՝ մասնագիտանալով հենց խաղային ծրագրավորման մեջ»։
ՁԻՀ-ի «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը խոսելով երիտասարդությանը նվիրված նածաձեռնությունների՝ այդ թվում՝ «GGC: Youth Edition»-ի մասին՝ ասում է, որ նման միջոցառումների իրականացումը հատկապես մարզերում՝ ընդգծելով երիտասարդների՝ իրենց համայնքներում նորարար ու մրցունակ գաղափարներ զարգացնելու, փորձի փոխանակման և մասնագիտական զարգացման հնարավորությունը․
«Մեր շատ արագ զարգացող աշխարհում երիտասարդների թվային գրագիտությունը և ստեղծագործ մտածողությունը ամուր ապագա կերտելու գրավականն է։ Հայաստանի մարզաբնակ երիտասարդները ոչ թե ապագա կերտողներն են, այլ արդեն այսօր այդ գործընթացի ակտիվ մասնակիցներն են։ Մեր պատասխանատվությունն է նրանց զինել անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով, որ նրանք վստահ քայլերով առաջ ընթանան։ Այդ իսկ պատճառով մենք շարունակաբար ձգտում ենք մեր ծրագրերը հասանելի դարձնել Հայաստանի ավելի շատ մարզերում՝ ներգրավելով երիտասարդների ավելի լայն շրջանակ»։