Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային տրամադրել 165 մլրդ եվրո՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների հաշվին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային տրամադրել, այսպես կոչված, «ռեպարացիոն վարկ»՝ 165 մլրդ եվրոյի չափով, օգտագործելով Բելգիայում պահվող Ռուսաստանի պետական սառեցված ակտիվների ֆինանսական արժեքը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ նախատեսվող 165 մլրդ եվրոյի վարկը ներառում է 25 մլրդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվներ, որոնք պահվում են մասնավոր եվրոպական բանկերում, ինչպես նաև 140 մլրդ եվրոյի ակտիվներ, որոնք պահվում են բելգիական Euroclear դեպոզիտարիայում։
Պարբերականը նշում է, որ այս ռեպարացիոն վարկը մաս է կազմում ավելի լայն ֆինանսական փաթեթի՝ մինչև 210 մլրդ եվրո, որի նպատակն է առաջիկա տարիներին ապահովել Կիևի ֆինանսական կայունությունը։
Politico-ի տեղեկություններով՝ ԵՄ առաջարկը «կծառայի որպես հիմք՝ անհապաղ տեխնիկական բանակցությունների» համար՝ մինչև դեկտեմբերի 18-19-ը Բրյուսելում նախատեսված ԵՄ գագաթնաժողովը։
Ըստ հրապարակված տվյալների՝ փաթեթի 115 մլրդ եվրոն կուղղվի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությանը, 50 մլրդ եվրոն պետք է ծածկի Կիևի բյուջետային կարիքները, իսկ 45 մլրդ եվրոն կօգտագործվի G7-ի Ուկրաինային հատկացրած վարկի մարման համար՝ սկսած 2024 թվականից։
