
Կանադան դիտարկում է ապրանքների մատակարարումը Եվրոպա՝ արկտիկական ջրերով
Կանադայի կառավարությունը ուսումնասիրում է Հադսոնի ծոցի հյուսիսային հեռավոր նավահանգստի՝ Չերչիլի զարգացումը՝ որպես բնական գազի, կալիումային պարարտանյութերի, կտավատի և այլ ապրանքների արտահանման ուղի, քանի որ երկիրը փորձում է նվազեցնել տնտեսական կախվածությունն ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Էներգետիկայի նախարար Թիմ Հոջսոնը գործակալությանը հայտնել է, որ «հսկայական ներուժ» է տեսնում Չերչիլի նավահանգիստը վերածելու շատ ավելի մեծ արտահանման կենտրոնի, որը կբացի նոր առևտրային ուղիներ դեպի Եվրոպա և այլ շուկաներ։
«Ես կարծում եմ, որ կա հնարավորություն՝ Չերչիլը դարձնելու ռազմավարական առումով շատ ավելի կարևոր նավահանգիստ։ Եթե նայենք ռուսների գործողություններին, ապա տարվա մեծ մասում նրանք մատակարարումներ են իրականացնում իրենց արկտիկական նավահանգիստներից», – ասել է նա։
Հյուսիսային նավահանգստի ստեղծման գաղափարը վայելում է Կանադայի ռեսուրսներով հարուստ արևմտյան շրջանների քաղաքական գործիչների աջակցությունը, որոնց նահանգները նավթ, գազ և գյուղատնտեսական արտադրանք արտահանող խոշոր կենտրոններ են։
Սկեպտիկները նշում են, որ թեև տարվա մեծ մասը նավահանգիստը սառույցով է ծածկված, այս ծրագիրը կիրագործվի միայն երկար տարիների և զգալի միջոցների ներդրումից հետո։
Հոջսոնի խոսքով՝ ներկայումս կառավարությունը նոր սառցահատ նավատորմ է գնում Կանադայի առափնյա պահպանության համար, ինչը կարող է երթուղին դարձնել տարվա բոլոր եղանակներին հասանելի և դառնալ ուղիղ ճանապարհ դեպի Եվրոպա։
Գործակալությունը նշում է, որ վարչապետ Մարկ Կարնիի կառավարությունը պատրաստվում է արագացնել խոշոր ենթակառուցվածքային նախագծերի հաստատման գործընթացը՝ հիմնականում ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սանձազերծած առևտրային պատերազմի։ Անցյալ տարի Կանադայի արտահանման մոտ երեք քառորդը բաժին է ընկել ԱՄՆ-ին, և Կարնիի առաջնահերթություններից մեկն է այդ ցուցանիշի նվազեցումը։