
OpenAI-ի արժողությունը հասել է 500 միլիարդ դոլարի
ChatGPT-ի ստեղծող OpenAI ընկերությունը գերազանցել է 500 մլրդ դոլար արժողությունը՝ ներկայիս և նախկին աշխատակիցների կողմից շուրջ 6.6 մլրդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի վաճառքից հետո, տեղեկացրել է Reuters-ը։ Տարվա առաջին կեսին անցկացված նախորդ ֆինանսավորման փուլում կազմակերպության արժողությունը հասել էր 300 մլրդ դոլարի, որի ժամանակ SoftBank-ը կատարել է 40 մլրդ դոլար ներդրում։
Գործարքի շրջանակում OpenAI-ի աշխատակիցները բաժնետոմսեր են վաճառել մի շարք ներդրողների, որոնց թվում են Thrive Capital-ը, SoftBank-ը, Dragoneer Investment Group-ը, Աբու Դաբիի MGX-ն ու T. Rowe Price-ը։
Ընկերությունը նաև թույլատրել է ավելի քան 10 մլրդ դոլարի բաժնետոմսերի վաճառք երկրորդային շուկայում։
OpenAI-ը 2025 թվականի առաջին կեսին ունեցել է շուրջ 4.3 մլրդ դոլար եկամուտ, ինչը մոտ 16%-ով ավել է, քան ամբողջ նախորդ տարվա ընթացքում ստացած եկամուտը, այս շաբաթ հայտնել է The Information-ը։
Չնայած նրան, որ OpenAI-ը առերեսվում է աճող մրցակցության այնպիսի տեխնոլոգիական հսկաների կողմից, ինչպիսիք են Google-ը և Apple-ը, ինչպես նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում և Չինաստանում գործող սթարթափներից՝ ամբողջ աշխարհում շուրջ 700 միլիոն օգտատերերով և այս տարում կանխատեսվող 13 միլիարդ դոլար եկամուտով՝ OpenAI-ի ChatGPT-ն ներկայումս մնում է առաջատար։