ԵՄ-ում մտավախություն կա, որ ԱՄՆ խաղաղության պլանը կարող է ներառել Ռուսաստանի սառեցված ակտիվների այլ օգտագործում
ԵՄ դիվանագետները կարծում են, որ չեն կարողանա համաձայնության գալ Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման շուրջ՝ որպես Ուկրաինային «ռեպարացիոն վարկ» տրամադրելու միջոց, եթե ԱՄՆ խաղաղության պլանը նախատեսի այդ ակտիվների օգտագործումը այլ նպատակներով: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ որոշ եվրոպացի դիվանագետներ մտավախություն ունեն, որ սառեցված ակտիվների հիման վրա Ուկրաինային ռեպարացիոն վարկ տրամադրելու գաղափարը կարող է փլուզվել, եթե խաղաղության վերջնական պլանը նախատեսի դրանց այլաբնույթ օգտագործում։
Այլ դիվանագետներ հույս ունեն, որ ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի ճնշումը կստիպի ԵՄ կասկածող երկրներին ավելի արագ ընդունել Եվրահանձնաժողովի առաջարկած պլանը՝ Ռուսաստանի ակտիվների վերաբերյալ։
Պարբերականը նշում է, որ վերջին շրջանում բանակցությունները Ուկրաինային տրամադրվող վարկի շուրջ ակտիվացել են, սակայն կողմերին դեռ չի հաջողվել համաձայնության գալ։
Politico-ն հիշեցնում է, որ սկզբնական փուլում ամերիկյան խաղաղության պլանը ներառում էր կետ՝ Ռուսաստանի սառեցված ակտիվները ներդնել ԱՄՆ-ի գլխավորած՝ Ուկրաինայի վերականգնման ծրագրերում՝ հրադադարի հաստատումից հետո։ Ըստ այդ սխեմայի՝ Վաշինգտոնը պետք է ստանար 50%-ի չափով օգուտ։ Սակայն նոյեմբերի 24-ին Bloomberg-ը հայտնել էր, որ այդ կետը հանվել է ծրագրից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ում դիտարկվում է Ռուսաստանի մոտ 170 մլրդ եվրոյի սառեցված ակտիվների օգտագործման հնարավորությունը, որոնք ներկայում պահվում են Բրյուսելում գտնվող Euroclear-ում։ Նախատեսվում էր, որ այդ միջոցներից 140 մլրդ եվրոն կարող է ուղղվել Ուկրաինայի համար նախատեսված «ռեպարացիոն վարկին»։
Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան ստացել է Վաշինգտոնի կողմից Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության ծրագրի տեքստը։
