Մայքլ Դելը և նրա կինը 6.25 միլիարդ դոլար են ուղղել երեխաների համար ներդրումային հաշիվներ բացելու նախաձեռնությանը
Ամերիկացի գործարար Մայքլ Դելը և նրա կինը պատրաստվում են 6.25 միլիարդ դոլար նվիրաբերել Invest America նախաձեռնությանը, որը հայտնի է նաև որպես «Թրամփի հաշիվներ» և նպատակ ունի ԱՄՆ-ում ծնված երեխաներին ապահովել սեփական ներդրումային հաշիվներով:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված Invest America նախաձեռնությունը նախատեսում է, որ պետությունը կբացի 1000 դոլարի հաշիվ յուրաքանչյուր երեխայի անունով, որը ծնվել է ԱՄՆ-ում 2025-2028 թվականներին։ Նախագիծը սկսելու է գործել 2026 թվականի հուլիսի 4-ին։ Միջոցները կտեղաբաշխվեն ինդեքսային ֆոնդերում, իսկ դրանց հասանելիությունը երեխաները կունենան 18 տարին լրանալուց հետո։ Գրավիչ է նաև այն, որ գումարը կարելի է օգտագործել բարձրագույն կրթության վարձի, հիփոթեքային վարկի առաջին մուծման կամ ստարտափ բացելու համար։
Officialdata.org կայքի հաշվարկներով՝ եթե 18 տարի առաջ ինչ-որ մեկը 1000 դոլար ներդներ S&P 500 ինդեքսում, այսօր կունենար մոտ 6.5 հազար դոլար։ Այդ ժամանակահատվածում ինդեքսի միջին տարեկան եկամտաբերությունը (դիվիդենտների վերաներդրման հաշվառմամբ) կազմել է 11.22%։
Դելի նվիրատվությունը թույլ կտա ընդլայնել ծրագիրը և ներառել մինչև 10 տարեկան երեխաներին։ Սպասվում է, որ 25 միլիոն երեխա հատուկ բացված ներդրումային հաշիվներում կստանա 250 դոլար։ Առավելությունը կտրվի այն ընտանիքներին, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 150 հազար դոլարը։ Կանխատեսվում է, որ ժամանակի ընթացքում նշված տարիքային խմբի ամերիկացի երեխաների 80%-ը կունենա սեփական ներդրումային հաշիվներ։
Դելը Dell Technologies ընկերության հիմնադիրն ու ղեկավարն է։ Նա զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի 11-րդ հորիզոնականը՝ 148 միլիարդ դոլար կարողությամբ:
