Թրամփը հայտարարել է, որ կստորագրի 10% գլոբալ մաքսատուրքեր սահմանող հրամանագիր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամանագիր կստորագրի, որը նախատեսում է աշխարհի բոլոր երկրների նկատմամբ լրացուցիչ 10% մաքսատուրքերի սահմանում։
Թրամփը պարզաբանել է, որ այդ նպատակով կօգտագործի 1974 թվականի առևտրի մասին օրենքի դրույթներից մեկը։ Այն նախատեսում է, որ նախագահն իրավունք ունի սահմանել նման մաքսատուրքեր, սակայն միայն ժամանակավոր՝ 150 օր ժամկետով։ Դրանց պահպանման համար հետագայում անհրաժեշտ կլինի ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը։
Միաժամանակ The New York Times-ը նշում է, որ այս հարցով Կոնգրեսի հետ համակարգումը, հավանաբար, բարդ գործընթաց կլինի․ նոյեմբերին նախատեսված միջանկյալ ընտրություններից առաջ բազմաթիվ կոնգրեսականներ չեն ցանկանա պահպանել բազմաթիվ ընտրողների շրջանում ոչ հանրաճանաչ մաքսատուրքերը։
Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը հայտարարել էր, որ Թրամփի որոշումը՝ 2025 թվականին աշխարհի բազմաթիվ երկրների ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին, անօրինական է։
Այդ կարծիքին էին վեց դատավորներ, մինչդեռ երեքը արտահայտել էին հակառակ տեսակետ։
Գերագույն դատարանը եզրակացրել էր, որ 1977 թվականին ընդունված «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքը պետության ղեկավարին չի տալիս նման ներմուծման մաքսատուրքեր սահմանելու իրավունք։
Հենց այդ օրենքի հիման վրա էր Թրամփն անցյալ տարի սահմանել լայնածավալ մաքսատուրքերի շարք։
Միևնույն ժամանակ Գերագույն դատարանը գնահատական չէր տվել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պետք է վերադարձնի վերջին ամիսներին մաքսատուրքերից ստացված գումարներն այդ երկրներին։ Այժմ այդ հարցը կքննարկվի ավելի ցածր ատյանի ամերիկյան դատարաններում։
Թրամփը, իր հերթին, հայտարարել է, որ կկիրառի այլ մեթոդներ մաքսատուրքեր սահմանելու համար։
