Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին վատ ապագա է սպասվում, եթե դաշինքը չօգնի ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցում
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին վատ ապագա է սպասվում, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի օգնել Վաշինգտոնին ապահովել անվտանգությունը Հորմուզի նեղուցում։
«Լիովին տեղին է, որ այն երկրները, որոնք օգտվում են նեղուցից, օգնեն ապահովել տեղի անվտանգությունը: Եթե պատասխան չլինի կամ եթե այն լինի բացասական, կարծում եմ՝ դա շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի ապագայի համար», – ասել է Թրամփը Financial Times թերթին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «պարտավոր չէին օգնել նրանց (ԵՄ երկրներին) Ուկրաինայի հարցում»։
«Հիմա տեսնենք՝ նրանք մեզ կօգնեն, թե ոչ։ Քանի որ ես վաղուց ասում էի, որ մենք նրանց կողքին կլինենք, բայց նրանք մեր կողքին չեն լինի»:
Շաբաթ օրը Թրամփը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի անվտանգությամբ պետք է զբաղվեն այն երկրները, որոնք այդ նեղուցով նավթ են ստանում։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է համակարգել գործողությունները այդ երկրների հետ, որպեսզի «ամեն ինչ արագ և հաջող անցնի»։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը և մյուս երկրները, որոնց վրա ազդել է նեղուցի փակումը, պետք է այնտեղ ուղարկեն իրենց ռազմական նավերը՝ անվտանգությունն ապահովելու համար։
