Ճապոնիան խոշորագույն վարկատու երկրների վարկանիշում զիջել է Չինաստանին
Ճապոնիան արդեն երկրորդ տարին անընդմեջ վատթարացնում է իր դիրքերը խոշորագույն վարկատու երկրների վարկանիշում՝ տեղափոխվելով երրորդ հորիզոնական և առաջ թողնելով Չինաստանին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ճապոնիայի ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ երկրի զուտ արտաքին ակտիվները 2025 թվականի վերջի դրությամբ հասել են 3.5 տրիլիոն դոլարի։ Նույն ժամանակահատվածում Չինաստանի ակտիվները գնահատվել են 4 տրիլիոն դոլար։ Վարկանիշի առաջին տեղը պահպանել է Գերմանիան, որի զուտ արտաքին ակտիվները կազմել են 4.24 տրիլիոն դոլար։
Ճապոնիան կորցրել էր առաջատարի դիրքը դեռևս 2024 թվականի արդյունքներով։ Մինչ այդ ծագող արևի երկիրը 34 տարի շարունակ զբաղեցնում էր առաջին հորիզոնականը։
Վարկատու երկրների շարքին դասվում են այն պետությունները, որոնց արտաքին ակտիվների և արտաքին պարտավորությունների տարբերությունը դրական է։ Որքան բարձր է այդ ցուցանիշը, այնքան ավելի մեծ չափով է երկիրը հանդես գալիս որպես փոխառու միջոցների աղբյուր, ոչ թե որպես վարկառու։
Ինչպես նշում է գործակալությունը, նախկինում այս ցուցանիշով Ճապոնիայի առաջատար դիրքերը իենին ապահովում էին ներդրումային «անվտանգ ապաստանի» կարգավիճակ, սակայն ներկայումս այդ կարգավիճակն արդեն այնքան ակնհայտ չէ։ Գործակալության կողմից հարցված փորձագետները կարծում են, որ Ճապոնիայի զուտ արտաքին ակտիվների ծավալները շարունակում են մնալ զգալի, սակայն փոփոխված աշխարհաքաղաքական պայմաններում բաց է մնում հարցը՝ արդյոք դա կարելի է համարել առավելություն։
Գերմանիան և Չինաստանը շարունակում են առաջատար մնալ այս ցուցանիշով՝ արտաքին առևտրի դրական հաշվեկշռի շնորհիվ, մինչդեռ Ճապոնիայում դրա աճը զսպվում է ճապոնական ակտիվներում օտարերկրյա ներդրումների պատճառով:
