Իրանի հետ պատերազմը խորացրել է մետաղների շուկաներում առաջարկի պակասը
Իրանի դեմ պատերազմը աննախադեպ ճնշում է ստեղծում արդյունաբերական մետաղների, այդ թվում՝ պղնձի և ալյումինի շուկաներում, գրում է Financial Times-ը։ Պարբերականի զրուցակից ոլորտի ղեկավարներն ու վերլուծաբանները կարծում են, որ առաջարկի պահպանվող դեֆիցիտը կարող է հանգեցնել նրան, որ այդ մետաղների գները բարձր մնան դեռ երկար տարիներ։
FT-ի տվյալներով՝ պղնձի գինը գտնվում է առևտրի փակման պատմական առավելագույնին մոտ, իսկ ալյումինը հասել է վերջին չորս տարվա ամենաբարձր մակարդակին։ Գների աճին նպաստում է տվյալների մշակման կենտրոնների բարձր պահանջարկը, որտեղ պղինձն օգտագործվում է էլեկտրահաղորդման համակարգերի, իսկ ալյումինը՝ սերվերային սարքավորումների դարակաշարերի համար։ Լրացուցիչ պահանջարկ են ստեղծում էլեկտրացանցերի կառուցման և էլեկտրամոբիլների արտադրության նախագծերը։ Միևնույն ժամանակ մետաղների առաջարկը վերջին ամիսներին ճնշման տակ է հայտնվել Մերձավոր Արևելքում հակամարտության և Հորմուզի նեղուցով նավագնացության փաստացի դադարեցման պատճառով։
«Շատ հումքային շուկաներում առկա է կառուցվածքային խնդիր։ Եվ մենք ստիպված ենք լինելու տեսնել գների զգալի աճ», — FT-ին ասել է Orion Resource Equities-ի գլխավոր ներդրումային տնօրեն Ջեյմս Հեյթերը։
Մերձավոր Արևելքում հակամարտությունը լրացուցիչ հարված է հասցրել պղնձի արտադրությանը, քանի որ, ըստ պարբերականի, հանգեցրել է ծծմբի գների ավելի քան կրկնակի աճի։ Ծծումբը նավթավերամշակման կողմնակի արտադրանք է, որն անհրաժեշտ է մետալուրգիական արդյունաբերությանը։
Wood Mackenzie խորհրդատվական ընկերության գնահատմամբ՝ ծծմբի մատակարարումների խափանումները կարող են հանգեցնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում պղնձի արտադրության 125 հազար տոննայով կրճատման։ Բացի այդ, Չիլիում կարող է վտանգվել ևս մոտ 200 հազար տոննա արտադրություն՝ ծծմբի մատակարարումների խախտումների, այդ թվում՝ Չինաստանի կողմից ծծմբաթթվի արտահանման արգելքի պատճառով, նշել է Morgan Stanley-ի վերլուծաբան Էմի Գաուերը։
Goldman Sachs-ը սկզբում կանխատեսում էր, որ այս տարի ամերիկյան շուկայից դուրս պղնձի դեֆիցիտը կկազմի 60 հազար տոննա, սակայն վերջերս այդ գնահատականը բարձրացրել է մինչև 640 հազար տոննա։ Պատճառների թվում նշվում են Ինդոնեզիայի Գրասբերգ և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կամոա-Կակուլա հանքերում արդյունահանման խնդիրները։ Միաժամանակ բանկը 10%-ով բարձրացրել է պղնձի գնի կանխատեսումը՝ ակնկալելով, որ մինչև տարեվերջ այն կհասնի մեկ տոննայի դիմաց 13 735 դոլարի։
Պատերազմը անմիջական ազդեցություն է ունեցել նաև ալյումինի արտադրության վրա։ Ըստ FT-ի՝ Մերձավոր Արևելքին բաժին է ընկնում համաշխարհային զտված ալյումինի արտադրության գրեթե 10%-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ խոշոր արտադրողները, այդ թվում՝ Alba-ն և EGA-ն, ստիպված են եղել կրճատել արտադրությունը՝ իրանական հարվածներից ենթակառուցվածքների վնասվելու, ինչպես նաև Հորմուզի նեղուցի փակման պայմաններում ալյումինի արտադրության հիմնական հումքի՝ ալյումինօքսիդի մատակարարման դժվարությունների պատճառով։
Միաժամանակ պատերազմի հետևանքով էներգակիրների գների աճը մի շարք պետություններին ստիպել է արագացնել ներդրումները էներգետիկ անվտանգությանն առնչվող նախագծերում, մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներում։ Վերլուծաբանների կարծիքով՝ միջնաժամկետ հեռանկարում դա լրացուցիչ կավելացնի պղնձի և ալյումինի պահանջարկը։
