Իրանի հարցում G7-ի միասնական դիրքորոշման համաձայնեցման դժվարություններ կան
Իրանը շարունակում է մնալ գլխավոր խնդիրներից մեկը Ֆրանսիայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի մասնակիցների համար, և ընդհանուր դիրքորոշման ձևավորումը հեշտ չի լինելու: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով գագաթնաժողովին մասնակցող պաշտոնյային։
Նրա խոսքով՝ «Մեծ յոթնյակի» երկրների համար լուրջ դժվարություններ կան Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ միասնական մոտեցում մշակելու հարցում։ Աղբյուրը հավելել է, որ քչերն են ակնկալում համատեղ կոմյունիկեի հրապարակում, ինչը հատկապես բարդ է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանում։
Նրա տվյալներով՝ G7-ի եվրոպական անդամները չեն կիսում Թրամփի լավատեսությունը, ըստ որի՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կվերականգնվի մինչև շաբաթվա վերջ։
Բացի այդ, եվրոպական երկրները ցանկանում են հասկանալ, թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԱՄՆ-ի և Իրանի միջև, նախքան ստանձնելը պարտավորություններ՝ Հորմուզի նեղուցի ականազերծման և ջրային տարածքի պարեկության վերաբերյալ։
Բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում, նշել է, որ Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների զգալի աճի համար կարող է պահանջվել մոտ երկու շաբաթ, իսկ մինչև 2026 թվականի փետրվարի 28-ին հակամարտության սկսվելուց առաջ եղած մակարդակի լիարժեք վերականգնումը կարող է ավելի երկար ժամանակ տևել։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ Թեհրանը 60 օր շարունակ չի գանձի նեղուցով անցնող նավերից վճարներ։ Վաշինգտոնը հույս ունի, որ այդ դրույթը կներառվի վերջնական համաձայնագրում։
Սակայն, ինչպես նշում է Bloomberg-ը, դեռևս հստակ չէ, թե երբ կհրապարակվեն հուշագրի մանրամասները։
Միևնույն ժամանակ, The New York Times-ի տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները տարբեր գնահատականներ են տալիս այն հարցին, թե երբ Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը լիովին կվերադառնա բնականոն հուն։ Լրագրողների հետ զրույցում պաշտոնյաներից մեկը նշել է երկու շաբաթ ժամկետ, մինչդեռ նույն հեռախոսային ճեպազրույցի ընթացքում մեկ այլ պաշտոնյա խոսել է առաջիկա ուրբաթ օրվա մասին։
Հիշեցնենք՝ երեկ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցն արդեն մասամբ բաց է, իսկ ուրբաթ օրը կգործի ամբողջ ծավալով։
