Die Welt-ը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային խաղաղությունը «մեծ պատրանք» է անվանել
Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրին։ Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ առևտրային հակամարտությունն իսկապես ավարտվել է։ Ամեն ինչ դեռ հակառակի մասին է վկայում, գրում է գերմանական Die Welt պարբերականը։
Գրեթե կասկած չկա, որ առաջիկա օրերին համաձայնագիրը կհաստատեն նաև ԵՄ անդամ պետությունները։ Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, հուլիսի վերջին կարող է առաջանալ նոր լարվածություն․ հենց այդ ժամանակ պետք է ուժի մեջ մտնեն ամերիկյան նոր մաքսատուրքերը, և պարզ կդառնա, թե արդյոք դրանք համապատասխանում են պայմանավորվածություններին։
«Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել այս համաձայնագրի կատարմանը: Եթե ամերիկյան կողմը խախտի Թերնբերիի համաձայնագրի տառը կամ ոգին, խորհրդարանը կպահանջի, որպեսզի ԵՀ-ն ժամանակին և ամբողջ ծավալով կիրառի արձագանքման համար նախատեսված բոլոր գործիքները», – հայտարարել է Եվրոպական խորհրդարանի առևտրի հանձնաժողովի նախագահը:
Բացի այդ, պահպանվում է պողպատի և ալյումինի շուրջ նոր հակամարտության վտանգը։ Ներկայումս ամերիկյան վարչակազմը 50% մաքսատուրք է գանձում այս մետաղներից որևէ մեկը պարունակող արտադրանքի նկատմամբ՝ ներառյալ լվացքի մեքենաներն ու հողմային գեներատորները։ Եթե մինչև տարեվերջ Դոնալդ Թրամփն այդ դրույքաչափը չնվազեցնի մինչև 15%, Եվրոպական խորհրդարանը կպահանջի կասեցնել գործող համաձայնագրի իրականացումը:
Միաժամանակ Die Welt-ը հիշեցնում է, որ Եվրոպական խորհրդարանում քվեարկությունից անմիջապես առաջ Թրամփը սպառնացել էր Ֆրանսիայի գինու նկատմամբ սահմանել 100% նոր մաքսատուրքեր, եթե Փարիզը չվերացնի ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիաների համար նախատեսված թվային ծառայությունների հարկը։ Եթե ԱՄՆ նախագահն իրականացնի այդ սպառնալիքը, դա կհանգեցնի ամբողջ ԵՄ-ի պատասխան քայլերին և փաստացի կզրոյացնի Թերնբերիում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև լայնածավալ տնտեսական դիմակայությունը վերաբերում է ոչ միայն մաքսատուրքերին։ Ինչպես նշում է Die Welt-ը, Թրամփը պահանջում է նաև վերացնել ոչ սակագնային առևտրային խոչընդոտները, ինչպիսիք են թվային ծառայությունների հարկերը կամ եվրոպական ածխածնային սահմանային կարգավորման մեխանիզմը (CBAM)։ Նրան նաև դժգոհեցնում են Բրյուսելի այն կանոնակարգերը, որոնք պարտադրում են ներմուծողներին պահպանել որոշակի բնապահպանական չափանիշներ։
