Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են «ոսկե վիզաների» ծրագրի վերականգնումը
2022 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիան դադարեցրեց «ոսկե վիզաների» ծրագիրը՝ կոռուպցիոն ծագում ունեցող միջոցների ներհոսքի հետ կապված մտահոգությունների պատճառով։ Այժմ երկրի կառավարությունում քննարկվում է այդ ծրագրի վերագործարկման հնարավորությունը՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով: Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Քննարկվող առաջարկի համաձայն՝ այն օտարերկրյա ներդրողները, որոնք 5 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 5.8 միլիոն եվրո) կներդնեն բրիտանական ընկերություններում, կկարողանան երեք տարի անց ստանալ մշտական բնակության իրավունք, իսկ հինգ տարի անց՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։
«Ոսկե վիզաների» ծրագիրը գործել է 2008 թվականից և նախատեսված էր այն ներդրողների համար, ովքեր երկրի տնտեսության մեջ ներդրել էին առնվազն 2 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Այն փակվեց 2022 թվականի փետրվարին՝ փողերի լվացման և կոռուպցիոն ծագում ունեցող միջոցների ներհոսքի ռիսկերի պատճառով։
2023 թվականի սկզբին այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սուելա Բրեյվերմանը հայտարարել էր, որ ներդրումների դիմաց բրիտանական վիզա ստացած տասը գործարարներ հետագայում ընդգրկվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո սահմանված պատժամիջոցների ցանկում։ Նրանց անունները, սակայն, չեն հրապարակվել։ Ընդհանուր առմամբ, 2008-2015 թվականներին «ոսկե վիզա» է ստացել 6312 մարդ։
Հունիսի 10-ին նախարարների կաբինետի՝ տաղանդների ներգրավման հարցերով աշխատանքային խումբը փակ նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ներդրողների համար քաղաքացիության արագացված տրամադրման ծրագրի վերականգնման հնարավորությունը։
Financial Times-ի տվյալներով՝ բիզնեսի և առևտրի նախարար Փիթեր Քայլը գործընկերներին ասել է, որ Մեծ Բրիտանիան «կոշտ մրցակցության մեջ է համաշխարհային մակարդակի տաղանդներ ներգրավելու համար»։ Նրա կարծիքով՝ հնարավոր է մշակել այնպիսի վիզային համակարգ, որը կբացառի դրա օգտագործումը «օլիգարխների կանանց և խարդախների» կողմից։
Նրա կողմնակիցներից մեկի խոսքով՝ Քայլը համոզված է, որ կարելի է ստեղծել ծրագիր այն մարդկանց համար, ովքեր իսկապես ցանկանում են ներդրումներ անել Մեծ Բրիտանիայում և ձևավորել հասարակական համաձայնություն խոշոր կարողություն ունեցող այն անձանց հետ, ովքեր ցանկանում են տեղափոխվել երկիր։
Սակայն նախաձեռնությանը դեմ են հանդես գալիս Ներքին գործերի նախարարությունը և Ֆինանսների նախարարությունը, որոնք կասկածում են, որ նման ծրագիրը կկարողանա խթանել տնտեսական աճը։
«Մենք ձգտում ենք Մեծ Բրիտանիան դարձնել բիզնես վարելու լավագույն վայրը՝ միաժամանակ պաշտպանելով մեր ազգային անվտանգությունը», – թերթին հայտնել է կառավարության ներկայացուցիչը։
