Դոնալդ Թրամփի որդիները միլիոնավոր դոլարներ կստանան Ղազախստանի հետ գործարքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի հետ կնքել է բազմամիլիարդանոց գործարք, որը շահույթ կբերի իր որդիներին, ինչպես նաև ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի զավակներին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Խոսքը Kaz Resources ընկերության մասին է, որը նախատեսում է շահագործել Ղազախստանի խոշորագույն վոլֆրամի հանքավայրերից մեկը։
Թրամփի վարչակազմը հաստատել է ընկերության՝ մինչև 1.6 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորում ստանալու նախնական հայտերը։ Դրանից հետո նախագծին միացել են Թրամփի և Լաթնիկի որդիները՝ ձեռք բերելով նախագծի 20% բաժնեմասը։
NYT-ի տվյալներով՝ այս գործարքը բացառիկ դեպք չէ։ Թերթի փոխանցմամբ՝ Թրամփի և Լաթնիկի ընտանիքներից մեկը կամ երկուսն էլ ֆինանսական կապեր ունեն առնվազն 14 ընկերությունների հետ, որոնք համագործակցում են ԱՄՆ դաշնային կառավարության հետ հանքարդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ Ղազախստանի նախագծի շրջանակում։
Նշվում է, որ այդ ընկերությունները կամ արդեն օգտվել են Թրամփի վարչակազմի առաջարկած ֆինանսական աջակցության ծրագրերից, կամ էլ ներկայացրել են թույլտվությունների հայտեր, որոնք ներկայումս քննվում են ԱՄՆ Առևտրի նախարարությունում, որը ղեկավարում է Հովարդ Լաթնիկը։
Մայիսի վերջին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն սկսել է ակտիվորեն փնտրել վոլֆրամի նոր աղբյուրներ՝ զենքի արտադրության կարիքների համար՝ հաշվի առնելով այս ռազմավարական մետաղի համաշխարհային շուկայում Չինաստանի գերիշխող դիրքը։
Ներկայումս ԱՄՆ-ում 2015 թվականից ի վեր գործող առևտրային նշանակության վոլֆրամի հանքեր չկան։
