Եվրոպացիները զրկվել են էժան չինական ապրանքներից
Եվրոպական միությունը կատարեց առաջին քայլը՝ սահմանափակելու այն, ինչ համարում է անբարեխիղճ մրցակցություն Shein, Temu և AliExpress առցանց հարթակների կողմից։ ԵՄ-ն սահմանում է 3 եվրո վճար Չինաստանից ներմուծվող ցածրարժեք ապրանքների համար, որոնք նախկինում ներմուծվում էին միության տարածք առանց մաքսատուրքի։
Ինչպես գրում է Reuters-ը, այս քայլը հերթական հարվածն է առցանց հարթակներին, որոնք օգտվում էին մաքսային արտոնություններից՝ ապրանքները չափազանց ցածր գներով վաճառելու համար։ Այս բիզնես մոդելը նրանց ապահովել էր արագ աճ, սակայն միաժամանակ դժգոհություն էր առաջացրել եվրոպական մանրածախ առևտրի ներկայացուցիչների և քաղաքական գործիչների շրջանում։ Միացյալ Նահանգները, որն այս հարթակների խոշորագույն շուկան է, դեռ մայիսին վերացրել էր Չինաստանից ներմուծման համար գործող de minimis կանոնը, իսկ օգոստոսի վերջից այդ որոշումը տարածել էր ամբողջ ներմուծման վրա։
Լրատվական գործակալության տվյալներով՝ նոր վճարը կգանձվի մաքսային հայտարարագրում նշված յուրաքանչյուր առանձին ապրանքային կատեգորիայի համար։ Օրինակ՝ եթե մեկ ծանրոցում առկա են երեք տարբեր կատեգորիաների ապրանքներ, ապա ընդհանուր վճարը կկազմի 9 եվրո։ Իսկ եթե ծանրոցում կան միայն մի քանի զգեստ կամ մի քանի խաղալիք, ապա կգանձվի միայն մեկ՝ 3 եվրոյի վճար։
Հոդվածում նշվում է, որ ցածրարժեք ապրանքների համար մաքսատուրքից ազատման համակարգը գործում է արդեն մի քանի տասնամյակ, իսկ ներկայիս 150 եվրոյի շեմը սահմանվել է 2008 թվականին։ Սակայն, ըստ Reuters-ի, այս արտոնության շրջանակում Եվրոպական միություն ներմուծվող առցանց պատվերների թիվը կտրուկ աճել է՝ 2022 թվականի 1.4 միլիարդից հասնելով 2025 թվականի 5.8 միլիարդի։
«Այս արտոնությունը չարաշահվում էր արդյունաբերական մասշտաբով՝ եվրոպական բիզնեսի հաշվին մրցակցային առավելություն ստանալու նպատակով», – Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Դիրկ Գոտինկը, որը համակարգում է մաքսային օրենսդրության բարեփոխումը։
Էլեկտրոնային առևտրի և օդային բեռնափոխադրումների ոլորտի խորհրդատու, Cirrus Global Advisors ընկերության ղեկավար Դերեկ Լոսինգի խոսքով՝ նոր վճարների ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ-ում էլեկտրոնային առևտրի ապրանքների օդային փոխադրումների ծավալը կարող է ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում կրճատվել 10-35%-ով։
Չինական էլեկտրոնային առևտրի հսկա Alibaba-ին պատկանող AliExpress-ն արդեն հայտնել է, որ համապատասխան դեպքերում ապրանքների կողքին կտեղադրվի «Գինը ներառում է մաքսատուրքերը և ԱԱՀ-ն» նշումը։ Մնացած ապրանքների դեպքում գնորդները պատվերի ձևակերպումն ավարտելուց առաջ կտեսնեն ներմուծման վճարների մանրամասն հաշվարկը։
Reuters-ը նշում է, որ 3 եվրոյի այս վճարը ժամանակավոր բնույթ ունի։ Նախատեսվում է, որ 2028 թվականի հուլիսի 1-ից այն կփոխարինվի մաքսատուրքերի համակարգով, որի չափը կախված կլինի ապրանքի կատեգորիայից։
