Դոնալդ Թրամփը շուկայի անկումն օգտագործել է տեխնոլոգիական հսկաների բաժնետոմսեր գնելու համար
2025 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոշոր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսեր է գնել ֆոնդային շուկայի անկման ընթացքում, որը պայմանավորված էր իր վարչակազմի մաքսատուրքային քաղաքականությամբ։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը միջինում օրական իրականացրել է շուրջ 62 բաժնետոմսերի գնման գործարք։ Սակայն անցյալ տարվա ապրիլի 8-ին այդ ցուցանիշը հասել է 327-ի։ CNBC-ի փոխանցմամբ՝ բաժնետոմսերի զանգվածային գնումները համընկել են շուկայի քառօրյա անկման ավարտին, որն սկսվել էր բարձր մաքսատուրքերի լայնածավալ կիրառման ծրագրի հրապարակումից հետո։ Այդ օրը Թրամփը գնել է Apple-ի, Alphabet-ի, Amazon-ի, Microsoft-ի և Nvidia-ի բաժնետոմսերը։
2025 թվականի ապրիլին Թրամփը հայտարարեց աշխարհի 185 երկրների և տարածքների արտադրանքի նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի սահմանման մասին։ Հետագայում նախագահը վերանայել է մի շարք երկրների ապրանքների նկատմամբ կիրառվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը։ 2026 թվականի փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց, որ Թրամփի կողմից միջազգային արտակարգ իրավիճակներում տնտեսական միջոցառումների մասին օրենքի հիմքով ներմուծման մաքսատուրքերի սահմանումը գերազանցել է նրա լիազորությունները։
Ավելի վաղ The Washington Post թերթը հայտնել էր, որ Թրամփի կարողության աճը 2025 թվականին աննախադեպ էր ԱՄՆ նախագահների պատմության մեջ։ Նախագահի վերջին ֆինանսական հայտարարագրի համաձայն՝ նրա եկամուտները գերազանցել են 2.2 միլիարդ դոլարը, ինչին նպաստել են կրիպտոարժույթներում կատարված ներդրումներն ու դրանց հետ կապված նախագծերը։
