Trump Media-ն թրեյդերներին նախագահի հրապարակումներին հասանելիություն է առաջարկում՝ ամսական մինչև 100 հազար դոլարով
Trump Media-ն քննարկում է Ուոլ Սթրիթի թրեյդերների համար ԱՄՆ նախագահի՝ Truth Social սոցիալական հարթակում կատարվող հրապարակումներին արագացված հասանելիության դիմաց ամսական մինչև 100 հազար դոլար վճար սահմանելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Հարթակի սեփականատերը ներդրումային ընկերություններին առաջարկում է զեղչ՝ ամսական վճարը նվազեցնելով մինչև 60 հազար դոլար, եթե նրանք կնքեն երեք տարվա պայմանագիր։ Truth API կոչվող նոր ծառայությունը բանկերին և առևտրային ընկերություններին կապահովի սոցիալական ցանցի տասը ամենաազդեցիկ օգտահաշիվների հրապարակումներին առավել արագ հասանելիություն։ Այս տվյալները հատկապես կարևոր են բարձր հաճախականությամբ առևտրով (high-frequency trading, HFT) զբաղվող ընկերությունների համար, քանի որ ընդամենը մի քանի միլիվայրկյան առավելությունը խոշոր գործարքների դեպքում կարող է ապահովել հարյուր հազարավոր դոլարների լրացուցիչ շահույթ։
ԱՄՆ նախագահի հրապարակումները հաճախ զգալի ազդեցություն են ունենում ֆինանսական շուկաների վրա։ Այդպես, օրինակ, 2025 թվականի ապրիլի 9-ին հիմնական ֆոնդային ինդեքսները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ նա հայտարարեց նոր մաքսատուրքերի կիրառումը ժամանակավորապես կասեցնելու մասին։
Վճարովի ծրագրավորման ինտերֆեյսի (API) գործարկումը կդառնա Trump Media-ի առաջին քայլը տվյալների լիցենզավորման ոլորտում և ընկերության համար կբացի եկամտի նոր աղբյուր։
Ներկայումս Trump Media-ի շուկայական արժեքը գնահատվում է մոտ 2.7 միլիարդ դոլար, թեև ընթացիկ տարվա սկզբից ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 27%-ով։
