Nvidia-ն և խոշոր ներդրումային ընկերությունները մեկնարկում են 500 մլրդ դոլարի ԱԲ նախաձեռնություն
Nvidia-ն նոր մակարդակի է բարձրացնում համագործակցությունը համաշխարհային ֆինանսական հսկաների հետ։ Ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Apollo, BlackRock, Blackstone, Brookfield, Goldman Sachs և KKR ընկերությունների հետ՝ «արհեստական բանականության գործարաններ» ստեղծելու նպատակով, գրում է Financial Times-ը։
Nvidia-ի հիմնական գործունեությունը տվյալների մշակման կենտրոնների համար սարքավորումների, այդ թվում՝ արհեստական բանականության չիպերի արտադրությունն ու վաճառքն է։ Այժմ ընկերությունը նպատակ ունի ներգրավել արտաքին կապիտալ՝ նման ենթակառուցվածքների կառուցման համար։ Համագործակցությունը նախատեսում է հաշվողական հզորությունների ֆինանսավորման մասնագիտացված հարթակների ստեղծում, որոնք կարող են ներգրավել ավելի քան 500 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ։
Նոր հարթակները Nvidia-ի չիպերի հասանելիությունը կվերածեն երկարաժամկետ ներդրումային ակտիվի։ Խոշոր ներդրողները կկարողանան ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, որոնց եկամտաբերությունը կապակցված կլինի հաշվողական ռեսուրսների օգտագործման ժամկետներին։
Financial Times-ի տվյալներով՝ նախաձեռնության նպատակն է բավարարել ժամանակակից ԱԲ համակարգերի համար նախատեսված տվյալների մշակման կենտրոնների աճող պահանջարկը։ Տեխնոլոգիական հսկաների տարեկան ենթակառուցվածքային ծախսերն արդեն մոտենում են 730 մլրդ դոլարի։
Reuters-ին տված հարցազրույցում Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը նշել է, որ առանց նման ֆինանսավորման մոդելների ԱԲ արդյունաբերությունը չի կարող զարգանալ անհրաժեշտ տեմպերով։
«Այս հարթակները կօգնեն ստեղծել արհեստական բանականության գործարաններ, որոնք նոր դարաշրջանում կդառնան յուրաքանչյուր երկրի և յուրաքանչյուր ճյուղի գործունեության հիմքը», — ընդգծել է Հուանգը։
