Դոնալդ Թրամփը պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել էլեկտրոնիկա արտադրողների համար
ԱՄՆ-ն նախատեսում է նոր մաքսատուրքեր սահմանել կիսահաղորդիչների և դրանց հիման վրա արտադրվող սարքերի նկատմամբ։ Աղբյուրների տվյալներով՝ սահմանափակումները կվերաբերեն Nvidia-ին և Apple-ին։ Փորձագետների գնահատմամբ՝ միկրոսխեմաների ամբողջությամբ ամերիկյան արտադրություն ստեղծելու համար կարող է պահանջվել առնվազն հինգ տարի։
Ինչպես պարզվել է, Սպիտակ տունը ցանկանում է ընդլայնել մաքսային ճնշումը ոչ միայն բուն չիպերի, այլ նաև այն պատրաստի ապրանքների նկատմամբ, որոնցում դրանք օգտագործվում են։ Ռիսկի գոտում են հայտնվել նոութբուքերը, խաղային կոնսոլները և սերվերները։ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը, ըստ անանուն աղբյուրների, հանդես է եկել նախաձեռնությամբ՝ արտասահմանյան տեխնոլոգիական կորպորացիաներին մաքսատուրքերից ազատելու առաջարկով, եթե նրանք «ներդրումներ կատարեն ԱՄՆ-ում չիպերի արտադրության մեջ»։
Ներկայում քննարկվում է մաքսատուրքերի փուլային ներդրման տարբերակը, սակայն այս սխեման առաջիկա օրերին կարող է էապես փոխվել։ Վերջնական պարամետրերը դեռ հաստատված չեն․ հայտնի չեն ո՛չ մաքսատուրքերի հստակ չափը, ո՛չ էլ այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ դրանք կկիրառվեն։
Իր հերթին ամերիկյան տեխնոլոգիական հսկաները ահազանգում են։ Նրանք համոզված են, որ նման քայլը «կխաթարի ԱՄՆ-ի՝ արհեստական բանականության ոլորտում առաջատար դառնալու հույսերը»։ Պատճառը պարզ է․ կիսահաղորդիչների պակասն արդեն այսօր զգացվում է։ Ինչպես նշում է պարբերականը, տնտեսական սահմանափակումներն առաջին հերթին ծանր հարված կհասցնեն Nvidia-ին և Apple-ին։ Politico-ի աղբյուրներից մեկը հավելել է, որ միկրոսխեմաների՝ ամբողջությամբ ներքին արտադրություն ստեղծելու համար ԱՄՆ-ից կպահանջվի առնվազն հինգ տարի։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

