Բիզնես

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Կոդից այն կողմ․ Ինչպես են երկու հայ ծրագրավորող փորձում փոխել ծրագրեր ստեղծելու ձևը
16/09/2026 17:44
Կիսվել

Կոդից այն կողմ․ Ինչպես են երկու հայ ծրագրավորող փորձում փոխել ծրագրեր ստեղծելու ձևը

Մի քանի տարի առաջ ծրագրային ապահովում ստեղծելու համար առնվազն անհրաժեշտ էր իմանալ, թե ինչպես է կոդը գրվում։ Այսօր այդ անհրաժեշտությունը շատ արագ ուժը կորցնում է։ Դուք կարող եք ուղղակի նկարագրել, թե ինչ եք ուզում ստանալ, իսկ արհեստական բանականությունը կփորձի գրել անհրաժեշտ կոդը, ստեղծել ինտերֆեյսն ու անգամ կառուցել աշխատող հավելվածի առաջին տարբերակը։ Այն, ինչ մինչև վերջերս ծրագրավորողների թիմ, շաբաթների կամ ամիսների աշխատանք էր պահանջում, հիմա կարելի է անել սովորական խոսակցական լեզվով մտքերն արտահայտելու միջոցով։

Սակայն անգամ այսպիսի պրոգրեսի պայմաններում կա խնդիր։ Աշխատող հավելված ստեղծելը դեռ չի նշանակում պատրաստի արտադրանք ունենալ։ Այն պետք է տեղադրել սերվերում, միացնել տվյալների բազան, ապահովել նույնականացումը, մոնիտորինգը, անվտանգությունը, էլեկտրոնային նամակներ ուղարկելը, տարբեր ծառայությունների ինտեգրումը։ Հետո պետք է այնպես անել, որ այն չփլվի, երբ օգտատերերի թիվը տասից հասնի տասը հազարի։ Իսկ եթե հավելվածն իրական բիզնեսի հիմքում է, այս ամենը դառնում է ոչ թե ցանկալի, այլ պարտադիր։

Հենց այս խնդիրը լուծելու համար էլ ստեղծվել է Modelence-ը՝ ընկերություն, որը հիմնել են Արամ Շատախցյանն ու Էդուարդ Փիլիպոսյանը։ Այս մասին գրում է PAN.am-ը։

Նրանց ստեղծած հարթակն արհեստական բանականության միջոցով կայքեր ստեղծող հերթական գործիք չի։ Նրանք փորձում են հեռացնել ծրագրային ապահովման ստեղծման այն ողջ տեխնիկական շերտը, որն անհրաժեշտ է գրեթե ցանկացած հավելվածի համար, սակայն ուղղակիորեն կապ չունի այն գաղափարի հետ, որի համար տվյալ հավելվածը ստեղծվում է։

Եթե շատ պարզ. Modelence-ը հարթակ է, որտեղ թե տեխնիկական, և թե, ինչը շատ ավելի կարևոր է, ոչ տեխնիկական մասնագետները կկարողանան ստեղծել աշխատող ու լիարժեք վեբկայքեր, վեբպլատֆորմներ և բջջային հավելվածներ՝ առանց հատուկ տեխնիկական գիտելիքների և կոդ գրելու` զուտ նկարագրելով իրենց ուզածը։

Թերևս, պատահական չէ, որ այս գաղափարը ծնվել է երկու երիտասարդի գլխում, ովքեր իրենց ճանապարհը սկսվել են ծրագրավորման ամենատեխնիկական աշխարհում՝ ալգորիթմներից, մաթեմատիկայից ու օլիմպիադաներից։

Երկու օլիմպիական

Արամ Շատախցյանի ու Էդուարդ Փիլիպոսյանի պատմությունը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ Modelence-ն անգամ գաղափար էլ չէր։

Արամը ծրագրավորմանը ծանոթացել է ընտանիքում։ Նրա հայրը դեռ 1980-ականներից ծրագրային ապահովման ինժեներ էր, ու Արամը մանկուց տեսնում էր այն ժամանակների համակարգիչներն ու ծրագրավորման կոդը։

«Հինգ տարեկանում արդեն օգտագործում էի իմ առաջին համակարգիչը՝ սև-սպիտակ էկրանով նոութբուք, որի վրա մկնիկով խաղեր էի խաղում ու նկարներ ստեղծում։ 12 տարեկան էի, երբ հայրս ասաց, որ ժամանակն է համակարգիչն օգտագործել ոչ միայն խաղերի համար։ Ապա տվեց ինձ տետր ու սկսեց սովորեցնել իմ առաջին ծրագրավորման լեզուն՝ C++-ը», – պատմում է Արամը։

Սակայն ծրագրավորման նկատմամբ սերը միանգամից չի ծնվել։ Առաջին շաբաթներին Արամը դժվարանում էր հիշել անգամ ամենապարզ հրամանները` երկու թիվ գումարող ծրագիր գրելու համար։ Բացի այդ, խաղերն ավելի հետաքրքիր էին.

«Ամեն ինչ փոխվեց, երբ հայրս ծանոթացրեց ինձ վիզուալ ծրագրավորմանը, որի միջոցով կարող էի խաղեր ու անիմացիաներ ստեղծել։ Կարճ ժամանակ անց սկսեցի կրկնօրինակել բոլոր այն խաղերը, որոնք գիտեի՝ Tetris, թռչունների որս, փազլեր և այլն։ Ու ծրագրավորումը դարձավ այն զբաղմունքը, որը, արդեն համոզված էի, կմնա ինձ հետ ամբողջ կյանքում»։

Էդուարդի ճանապարհը մի փոքր այլ էր։ Նա սովորել է Շիրակացու ճեմարանում, ապա ընդունվել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան ու դեռ դպրոցական տարիներից տարվել ծրագրավորման օլիմպիադաներով։

«Այն ժամանակներում ակտիվորեն մասնակցում էի ինֆորմատիկայի օլիմպիադաներին ու Հայաստանի առաջնություններում բավական լավ արդյունքներ գրանցում։ Հետագայում իմ կիրքը դարձան ծրագրավորման օլիմպիադաները, քանի որ դրանք միավորում էին թե մրցակցային, սպորտային տարրը, ու թե ակադեմիական գիտելիքները՝ հանրահաշիվ, երկրաչափություն, ծրագրավորում, որոշ չափով նաև ֆիզիկա և այլ ոլորտներ», – հիշում է Էդուարդը։

Արամին ու Էդուարդին միավորում էր ոչ միայն ծրագրավորումը, այլև մաթեմատիկական մտածողությունը՝ ալգորիթմները, երկրաչափությունը, գրաֆների տեսությունն ու բարդ խնդիրների լուծումը։

Սակայն այդ ժամանակ նրանք դեռ ընկերներ չէին։ Նրանք մրցակիցներ էին։

Էդուարդն օլիմպիադաներին մասնակցում էր Սլավոնական համալսարանի թիմում, Արամը՝ Երևանի պետական համալսարանի։ Ու միմյանց էլ ճանաչում էին հիմնականում օլիմպիադաներից։

Արամը պատմում է, որ իր դեպքում օլիմպիադաների ճանապարհի սկիզբը բավականին բարդ էր։ «Այդ տարիքի աշակերտների մեծ մասը կոդ գրել չգիտեր, ուստի թե ես, և թե հայրս համոզված էինք, որ շատ լավ արդյունք ցույց կտամ։ Բայց առաջին իսկ օլիմպիադայում ձախողվեցի հենց առաջին փուլում ու հասկացա, թե որքան բարդ էին խնդիրները։ Դա ալգորիթմական ծրագրավորման նոր տեսակ էր, որին ես նախկինում ծանոթ չէի։ Օլիմպիադաներում անցկացրած ամբողջ առաջին տարվա ընթացքում քիչ բան կարողացա անել ու չհայտնվեցի նույնիսկ առաջին 50-յակում»։

Բայց այդ ձախողումը Արամի համար ավարտ չդարձավ, որովհետև հայրը սովորեցրել էր երբեք չհանձնվել։ Հայրը գնեց ալգորիթմական ծրագրավորման մասին գրքեր, իսկ Արամը սկսեց արդեն լրջորեն պատրաստվել։ Դրան օգնեց նաև ազգային հավաքականի մարզիչի խորհուրդը` լուծել առցանց հարթակներում տեղադրված խնդիրներ.

«Հաջորդ երեք ամիսներին ամբողջ ազատ ժամանակս ծախսում էի այդ հարթակներում հայտնաբերած յուրաքանչյուր խնդիր լուծելու վրա, ու վերջապես գտա այն, ինչ ինձ պակասում էր։ Կարճ ժամանակ անց հաջողվեց հայտնվել առաջին քառյակում հանրապետական ընտրական փուլում, ինչի շնորհիվ ընդգրկվեցի չորս հոգանոց թիմում, որը մասնակցում էր այդ տարվա միջազգային օլիմպիադային Մեքսիկայում։ Իսկ դրան հաջորդող տարում Հայաստանում զբաղեցրի առաջին տեղը և արծաթե մեդալ նվաճեցի 2007 թվականին Խորվաթիայում անցկացված միջազգային օլիմպիադայում»։

Սա թույլ տվեց Արամին քաղել պարզ դաս․ եթե անգամ մի փոքր հավատում ես ինքդ քեզ, ունես չհանձնվելու համառություն, կարող ես շատ ավելի հեռուն գնալ, քան սկզբում պատկերացնում էիր։

Նույն այդ ժամանակահատվածում Էդուարդը նույնպես ապրում էր օլիմպիադաներով. «Մեր կյանքն այդ տարիներին մեծապես կապված էր օլիմպիադաների հետ։ Շատ էինք մասնակցում տարբեր մրցույթների, մեկնում էինք միջազգային մրցումների ու ներկայացնում մեր համալսարանները։ Մասնակցում էինք նաև ICPC-ին՝ ծրագրավորման միջազգային ուսանողական օլիմպիադային»։

Բայց նրանց ճանապարհները հատվեցին ոչ թե երբ նրանք մրցակիցներ էին, այլ այն ժամանակ, երբ ստիպված եղան աշխատել միասին։

Երբ մրցակիցները դարձան թիմ

Համալսարանում Արամը տարօրինակ ֆենոմեն էր հայտնաբերել։ Անհատական մրցույթներում լավագույն արդյունքներ ցուցադրող մասնակիցները պարտադիր չէ, որ լավ թիմ լինեին։

«Երեք հոգանոց թիմում էի, բոլորս` միջազգային օլիմպիադաների մեդալակիրներ։ Բայց մենք անընդհատ պարտվում էինք ավելի քիչ անհատական ձեռքբերումներ ունեցող այլ թիմերի։ Մեր թիմում հաճախ էինք վիճում ու, ընդհանուր առմամբ, չէինք կարողանում լավ հանդես գալ հենց որպես թիմ՝ անգամ չմոտենալով այն արդյունքներին, որ ցուցադրում էինք անհատապես», – ժպիտով հիշում է Արամը։

Կարճ ասած` թիմային աշխատանքը չէր ստացվում։ Ամեն ինչ փոխվեց բաց օլիմպիադաներից մեկի ժամանակ, որը թույլ էր տալիս նոր թիմեր կազմել տարբեր համալսարանների մասնակիցներից։ Արամն ու Էդուարդը որոշեցին միավորել ուժերը ևս մեկ մասնակցի հետ։

Եվ առաջին անգամ հաղթեցին որպես թիմ` երկրորդ տեղից զգալի տարբերությամբ զբաղեցնելով առաջին տեղը Հայաստանում։

Էդուարդը պատմում է, որ հենց այդ ժամանակ սկսվեց իր ու Արամի համատեղ ճանապարհը. «Հասկացանք, որ միասին շատ լավ ենք աշխատում, լավ ենք հասկանում միմյանց ու լրացնում ենք իրար։ Մեր գիտելիքները բավականին տարբեր էին․ այն ոլորտներում, որտեղ Արամն ուժեղ էր, ես կարող էի թերանալ, և հակառակը։ Այդ տարբերությունն էլ մեզ թույլ էր տալիս շատ լավ լրացնել միմյանց»։

Արամը նույն պատմությունը հիշում է մեկ այլ կողմից։ Նա ասում է, որ հենց այս մրցույթում առաջին անգամ հասկացավ, թե ինչ է իրական թիմային աշխատանքը։ Տարիներ անց այս փորձը պետք է կրկնվեր արդեն ոչ թե օլիմպիադայում, այլ բիզնեսում։

Երբ Արամը հիմնեց CodeSignal-ը, Էդուարդն առաջին մարդն էր, ում նա հրավիրեց թիմ։ Պատճառը ոչ միայն Էդուարդի` ուժեղ ինժեներ լինելն էր։ Արամի համար ավելի կարևոր էր, որ Էդուարդն այն մարդկանցից էր, ում հետ կարելի էր ինչ-որ յուրահատուկ բան կառուցել։

Տարիներ շարունակ միասին աշխատելով, տարբեր արտադրական համակարգեր ստեղծելով ու մասշտաբավորելով` ընկերներն աստիճանաբար հայտնաբերեցին խնդիր, որի լուծումը հետագայում պետք է դառնար Modelence-ի հիմքը։

Ամեն անգամ կրկնվող խնդիրը

Ստեղծելով նոր թվային արտադրանք` ինժեներները սովորաբար կենտրոնանում են դրա ֆունկցիոնալության վրա։ Եթե դա առցանց ուսուցման հարթակ է, պետք են դասընթացներ, տեսանյութեր, թեստեր և օգտատերերի հաշիվներ։ Եթե խոսքն ավտոմեքենաների վաճառքի կայքի մասին է, պետք է մեքենաների ցանկ, ֆիլտրեր, գնային առաջարկներ ու կապի միջոցներ։

Բացի դրանից, պետք է ստեղծել տվյալների բազա։ Պետք է ապահովել նույնականացում։ Պետք է մտածել ենթակառուցվածքի մասին։ Պետք է հետևել համակարգի աշխատանքին։ Պետք է այն տեղադրել արտադրական միջավայրում ու այնպես անել, որ համակարգը կարողանա սպասարկել ավելի ու ավելի շատ օգտատերերի։

Ու այս բոլոր խնդիրների մեծ մասը նույնն է՝ անկախ նրանից, թե ինչ է անում տվյալ հավելվածը։ Հենց սա էին նկատել Արամն ու Էդուարդը։

Արամը պարզաբանում է. «Երկար տարիներ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների կողմից օգտագործվող արտադրական (production) հարթակներ ստեղծելուց ու կառավարելուց նկատեցինք մի բան․ արտադրական հավելվածներ ստեղծելու մարտահրավերներից շատերը նույնն են՝ անկախ նրանից, թե ինչ ես կառուցում։ Քեզ անհրաժեշտ են նույն կառուցամասերը՝ տվյալների բազա, նույնականացում, մոնիտորինգ, ենթակառուցվածք և այլն»։

Էդուարդն էլ հավելում է. «Տվյալների բազաների հետ աշխատանքը, անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը, համակարգի կարգավորումն ու կայուն աշխատանքն ապահովելը որևէ կապ չունեն տվյալ բիզնեսի բուն տրամաբանության հետ, սակայն մարդիկ իրենց գիտելիքները բազմիցս օգտագործում են նույնատիպ խնդիրներ լուծելու համար։ Այսինքն՝ ստեղծելով նոր պրոդուկտ` մարդը ստիպված է լինում կրկին անցնել ամբողջ այդ պրոցեսով, որպեսզի ստանա հուսալի և անխափան աշխատող ծրագիր։ Եվ հենց այստեղից էլ ծնվեց մեր գաղափարը․ ինչո՞ւ այդ ամենը չանել բոլորի փոխարեն։ Ինչո՞ւ չստեղծել հարթակ, որում այդ խնդիրներն ավտոմատ կերպով արդեն լուծված կլինեն»։

Այդպիսի հարթակի գոյությունը թույլ կտա մարդկանց կենտրոնանալ միայն իրենց բիզնեսի տրամաբանության վրա՝ հասկանալ, թե ինչ է իրենց անհրաժեշտ, և փորձել դա ստեղծել՝ առանց անհանգստանալու, որ կայքը կխափանվի, կամ արդյոք այն կաշխատի 100 օգտատիրոջ համար, ու ինչ տեղի կունենա, եթե վաղը օգտատերերի թիվը հասնի 10 հազարի։

Այսպես ծնվեց Modelence-ը։ Այս գործիքով ստեղծված պրոդուկտները կայուն աշխատում են ու հեշտությամբ ընդլայնվում՝ ավելի մեծ թվով օգտատերերի սպասարկելու համար։

Modelence-ը նախատեսված է ինչպես վեբկայքերի, այնպես էլ բջջային հավելվածների ստեղծման համար։
Էդուարդը սա համեմատում է ավտոմեքենայի հետ։ Տասնամյակներ առաջ վարորդը հաճախ նաև մեխանիկ էր ու պետք է լավ իմանար իր մեքենայի կառուցվածքը։ Այսօր իրավիճակն այլ է. ավտոմեքենա կարող են վարել գրեթե բոլորը` առանց իմանալու, թե ինչպես է աշխատում ներքին այրման շարժիչը։

Նույնը բիզնեսում։ Մարդը ցանկանում է ստեղծել նոր արտադրանք, ու այլևս պարտադիր չէ, որ նա իմանա բոլոր այն տեխնիկական մանրամասները, որոնք նախկինում անհրաժեշտ էին դրա համար։ Իսկ եթե այդ մանրամասները կարելի է ավտոմատացնել, հարցը դառնում է շատ պարզ․ ինչո՞ւ ամեն անգամ սկսել զրոյից։

«Ցանկացած բիզնես, եթե ունի որևէ գաղափար կամ ցանկանում է ավտոմատացնել որևէ գործընթաց, կարող է Modelence-ի միջոցով իրականացնել այն։ Ենթադրենք՝ ցանկանում եք ստեղծել ավտոմեքենաների վաճառքի առցանց խանութ, որտեղ մարդիկ կկարողանան տեսնել ձեր վաճառքի մեքենաները, ֆիլտրերի միջոցով գտնել իրենց անհրաժեշտ տարբերակը, կապ հաստատել ձեզ հետ, ուղարկել գնային առաջարկներ և այլն։ Նման կայք մեր հարթակի միջոցով կարելի է հեշտությամբ ստեղծել՝ ամբողջ անհրաժեշտ ֆունկցիոնալով», – նշում է Էդուարդը։

Այդ դեպքում այլևս պետք չէ մտածել, թե վաղը քանի մեքենա է ավելացվելու, ինչ ծավալի տվյալներ կլինեն կամ քանի օգտատեր պետք է սպասարկել։ Սկզբում կայքը կարող է նախատեսված լինել միայն Հայաստանի համար, իսկ հետո, օրինակ, Չինաստանի ու սպասարկել արդեն միլիոնավոր մարդկանց։ Կայքը, միևնույն է, կաշխատի ու կկարողանա ընդլայնվել։

Կայք ստեղծելը դեռ բավարար չէ

Այսօր արհեստական բանականության գործիքներով կարելի է շատ արագ ստեղծել կայքի կամ հավելվածի նախատիպ։ Գրում եք, թե ինչ եք ուզում, ու համակարգը փորձում է այն կառուցել։ Արդյունքը կարող է նույնիսկ շատ գեղեցիկ լինել։ Բայց գեղեցիկ ինտերֆեյսը դեռ արտադրանք չէ։

Տվյալները պետք է ճիշտ պահպանվեն։ Համակարգը պետք է դիմանա ծանրաբեռնվածությանը։ Պետք է հասկանալ՝ ինչ անել, երբ որևէ ծառայություն խափանվում է։ Պետք է հետևել, թե ինչ է կատարվում համակարգում։

Օրինակ, ստեղծել եք առցանց ուսուցման հարթակ։ Այստեղ հազարավոր մարդիկ միաժամանակ կարող են դիտել տեսանյութեր, անցնել դասընթացներ ու քննություններ հանձնել։ Եթե համակարգը խափանվի քննության ժամանակ, խնդիրը պարզապես տեխնիկական անհարմարություն չի լինի. օգտատերը կարող է կորցնել իր արդյունքը։

Modelence-ի գաղափարն այն է, որ այս ամբողջ ենթակառուցվածքը չպետք է ամեն անգամ զրոյից կառուցել։ Արամի ձևակերպմամբ՝ Modelence-ը պետք է լինի թե framework, և թե արտադրական հարթակ։ Այսինքն՝ այն ոչ միայն օգնում է ստեղծել հավելվածը, այլև պահել այն աշխատունակ վիճակում, տեղադրել արտադրական միջավայրում ու մասշտաբավորել։

«Արհեստական բանականության գործիքներով հավելված ստեղծելու հնարավորությունը պարզապես հարմարավետություն է, այլ ոչ թե հիմնական արտադրանքը։ Փորձառու օգտատերերի մեծ մասն ի վերջո հրաժարվում է հավելվածների ավանդական կոնստրուկտորներից` նախընտրելով օգտագործել սեփական գործիքները, օրինակ` Claude Code-ը, Cursor-ը կամ Codex-ը, ինչպես նաև այն պատճառով, որ հավելված ստեղծող AI կոնստրուկտորների կրեդիտները ի վերջո չափազանց թանկ են դառնում շարունակաբար վճարելու համար, հատկապես եթե արդեն վճարում ես քո սեփական գործիքների համար։

Modelence-ն այն հարթակն է, որը ոչ միայն կառուցում է, այլև օգնում է քեզ պահել քո կայքերն ու հավելվածներն աշխատունակ վիճակում արտադրական միջավայրում և մասշտաբավորվում է քեզ հետ միասին, այլ ոչ թե կենտրոնանում կարճաժամկետ հեռանկարում քեզ նախատիպերով տպավորելու վրա», – հավելում է Արամը։

Modelence-ն ինտեգրվում է նաև արհեստական բանականության հայտնի գործիքների հետ։ Այս պահին գոյություն ունի Claude Code-ի հետ ինտեգրման պլագին, որը շուտով հասանելի կլինի բոլորին։

Սա է Modelence-ի ու AI կոնստրուկտորների տարբերությունը։ Վերջիններս շատ լավ են նախատիպեր ստեղծելու համար։ Կարելի է մի քանի րոպեում ստանալ գեղեցիկ կայք ու մտածել՝ «Վա՜ու»։ Բայց երբ արտադրանքը դառնում է ավելի բարդ, կարող է առաջանալ ինժեներական թիմ ունենալու անհրաժեշտություն։ Modelence-ի դեպքում այդ անհրաժեշտությունն ի սկզբանե չկա:

Կայքը ստեղծելուց հետո, հավելում է Էդուարդը, ամենակարևոր խնդիրները դեռ կարող են մնալ։ Օրինակ՝ կայքը աշխատելու է միայն ձեր համակարգչում՝ տեղային միջավայրում։ Եթե ուզում եք այն ուղարկել ընկերոջը, որպեսզի նա տեսնի, պետք է այն տեղադրել որևէ սերվերում և հոսթինգ ապահովել։ Claude Code-ը կարող է ձեզ հրահանգներ տալ, թե ինչպես դա անել, բայց այդ գործընթացն ինքնուրույն չի իրականացնում ձեր փոխարեն։

Հետո, երբ օգտատերերի թիվը մեծանա և կայքը սկսի դանդաղ աշխատել, կրկին պետք է հասկանալ՝ ինչ անել։ Ապա պետք է լուծել տվյալների բազայի տեղադրման և կառավարման հարցերը և այլն։

«Շատ շուտով մարդը գրեթե ամեն ինչ կարող է անել իր անձնական արհեստական բանականության օգնականի միջոցով։ Այդ պատճառով մենք էլ ինտեգրվում ենք նման համակարգերի մեջ։ Կարող եք օգտվել մեր վեբկայքից կամ բացել ձեր նախընտրած AI գործիքը, այնտեղ տեղադրել մեր պլագինը և պարզապես ասել․ «Modelence, ստեղծիր ինձ համար այսպիսի բան»։ Եվ համակարգը կստեղծի այն», – նշում է Էդուարդը։

Նա օգտագործում է հետաքրքիր համեմատություն․ փոքր կայք ստեղծելու համար Modelence օգտագործելը երբեմն նման է տանկով ճանճ սպանելուն։ Սակայն հենց մեծ ու բարդ արտադրանքների դեպքում այդ «տանկը» սկսում է իմաստ ունենալ։

Հին համակարգիչն ու նոր համակարգիչը

Modelence-ի գաղափարը կարելի է պատկերացնել նաև մեկ այլ համեմատությամբ։

Ժամանակին կար համակարգիչ գնելու երկու տարբերակ։ Առաջին տարբերակի դեպքում` կարող էիք առանձին գնել պրոցեսոր, վիդեոքարտ, հիշողություն և մյուս բաղադրիչները, հետո ինքներդ հավաքել ամբողջ համակարգիչը։ Դա տալիս էր մեծ ազատություն, բայց նաև գիտելիքներ էր պահանջում։ Երկրորդ տարբերակը պատրաստի նոութբուք գնելն էր, որտեղ այդ ամենն արդեն մտածված ու հավաքված էր։

Modelence-ը փորձում է ծրագրային ապահովման աշխարհում ավելի մոտ լինել երկրորդ տարբերակին։ Դուք գալիս եք ոչ թե մտքում ունենալով, թե ինչպես կառուցել տվյալների բազան կամ կարգավորել սերվերը, այլ՝ թե կոնկրետ ինչ եք ուզում ստեղծել։ Իսկ մնացած տեխնիկական մասը պետք է հնարավորինս քիչ խանգարի ձեզ։

Այս մոտեցումը հատկապես հետաքրքիր է դառնում արհեստական բանականության տարածման պայմաններում, որովհետև եթե արհեստական բանականությունը կարող է կոդ գրել, ապա հաջորդ խնդիրը դառնում է ոչ թե «ով է գրելու կոդը», այլ՝ ինչպես այդ կոդից ստանալ իրական, հուսալի արտադրանք։

Կոդ գրելու կարիք այլևս չկա

Արհեստական բանականության գործիքները ազատում են կոդ գրելու անհրաժեշտությունից։ Էդուարդի համար այս փոփոխությունը տեսական չէ. նա այն կիրառում է ամենօրյա աշխատանքում։

«Մի քանի տարի առաջ ամեն օր կոդ էի գրում․ նստում էի համակարգչի առաջ և ծրագրավորման լեզուներով՝ JavaScript-ով, C++-ով և այլ լեզուներով, ծրագրեր էի ստեղծում։ Հիմա ես գրեթե ոչ մի տող կոդ չեմ գրում։ Օգտագործում եմ արհեստական բանականություն, Claude Code, Cursor և այլ գործիքներ, որոնք այդ աշխատանքը կատարում են իմ փոխարեն», – անկեղծանում է Էդուարդը։

Փոխարենը նա որոշում է, թե ինչ պետք է ստեղծել, նկարագրում է դա արհեստական բանականությանն ու վերահսկում է արդյունքը։ Իհարկե, սա չի նշանակում, որ տեխնիկական գիտելիքները դարձել են անպետք։ Ընդհակառակը.

«Իմ աշխատանքն այժմ դարձել է հասկանալը, թե ինչ է ինձ անհրաժեշտ, և կարողանալը շատ հստակ բացատրել իմ ուզածը։ Պետք է ավելի բարձր մակարդակով պատկերացնեմ տեխնիկական ամբողջ համակարգը, դրա ճարտարապետությունը։ Արհեստական բանականությունը կարող է ինչ-որ բան ստեղծել, բայց դու պետք է հասկանաս, թե ինչ է այն անում։ Հակառակ դեպքում այն կարող է ընտրել այնպիսի գործիք կամ տեխնոլոգիա, որը հետագայում քեզ չի բավարարի, որովհետև համակարգը կարող է չիմանալ քո ապագա պլանների մասին։ Կամ դու պետք է ամեն անգամ շատ մանրամասն կոնտեքստ տրամադրես նրան, կամ ինքդ վերահսկես ամբողջ գործընթացը»։

Այսինքն՝ մարդիկ զուտ փոխում են իրենց աշխատանքի ձևը։ Եթե նայենք պատմությանը, «դասական ծրագրավորողը» նույնպես անընդհատ փոխվել է։ Սկզբում մարդիկ մեքենայական լեզվով էին կոդ գրում, հետո՝ ասեմբլերով, հետո՝ C++-ով, ապա անցան ավելի բարձր մակարդակի լեզուների՝ JavaScript-ի, Java-ի և այլն։ Այդ փոփոխությունը շարունակվել է տասնամյակներ։ Հիմա հասել ենք մի փուլի, երբ կոդը կարելի է ստեղծել սովորական խոսակցական լեզվով.

«Հիմա մարդը կարող է ավելի քիչ զբաղվել կոդի յուրաքանչյուր տողով ու ավելի շատ մտածել համակարգի ամբողջական կառուցվածքի մասին։ Սա, ըստ էության, ծրագրավորման պատմության հերթական փուլն է»։

Կոդն էժանանում է, ճարտարագիտությունը` ոչ

Արամն այս փոփոխությունն ավելի կտրուկ է նկարագրում։ Նրա կարծիքով, արհեստական բանականությունն արդեն իսկ անճանաչելիորեն փոխել է ավանդական ծրագրավորումը, իսկ «կոդ գրողի» աշխատանքը վերացել է, քանի որ AI-ն արդեն կարող է դա անել ավելի լավ, քան մարդը, ու շատ ավելի ցածր գնով։

«Բայց ծրագրային ապահովման ինժեներիան միշտ եղել է շատ ավելին, քան պարզապես կոդ գրելը։ Քանի որ կոդ գրելն այդքան հեշտացել է, այժմ առավել կարևոր է կարողանալ ճիշտ նախագծել ծրագրային ապահովումն ու համակարգի ճարտարապետությունը, լավ ճաշակ ունենալ ծրագրեր կառուցելու հարցում։ Արդյունքում բոլորը ավելի ու ավելի շատ ծրագրեր են ստեղծում՝ շատ ավելի արագ տեմպերով, ինչը նշանակում է, որ ծրագրերը, որոնք «պարզապես աշխատում են», այս օրերին գրեթե արժեք չունեն։ Իրական արժեք ունի այն ծրագիրը, որը լավ է նախագծված և հուսալիորեն աշխատում է», – շեշտում է Արամը։

Լավ նախագծված, հուսալի, մասշտաբավորվող, առաջին իսկ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում չփլուզվող ծրագրերի ստեղծումն էլ Modelence-ի հիմնական առաքելությունն է։

Ինչ կլինի ծրագրավորողների հետ

Արհեստական բանականության հետ կապված ամենատարածված հարցերից մեկը հետևյալն է․ եթե այն կարող է կոդ գրել, ի՞նչ է լինելու ծրագրավորողների հետ։

Էդուարդը չի կարծում, որ պատասխանը զանգվածային գործազրկությունն է։ Նա բերում է պատմական համեմատություններ։

«Երբ հայտնագործվեց էլեկտրականությունը, մարդիկ, ովքեր աշխատում էին գազային լամպերի արտադրության կամ սպասարկման ոլորտում, սկսեցին կորցնել իրենց նախկին աշխատանքը, բայց դրա փոխարեն էլեկտրականության ոլորտում բազմաթիվ նոր մասնագիտություններ առաջացան։ Նույնը տեղի ունեցավ, երբ կառապանների փոխարեն մեքենաներ հայտնվեցին․ կառապանների աշխատանքը վերացավ, բայց առաջացան մեքենաների վարորդների և ավտոմոբիլային ոլորտի բազմաթիվ այլ մասնագիտություններ», – հիշեցնում է Էդուարդը։

Այսինքն՝ հիմնականում փոխվում է աշխատանքի համար անհրաժեշտ որակավորումը։ Իհարկե, եթե մարդն ամբողջ կյանքում կառք է վարել, նրա համար հեշտ չէ միանգամից մեքենա վարելուն անցնելն և նոր հմտություններ ձեռք բերելը։ Նույնը տեղի է ունենալու նաև ծրագրավորման մեջ, որովհետև սա աշխատանքի բոլորովին նոր ձև է։ Բայց, ընդհանուր առմամբ, արհեստական բանականությունը փոխում է մարդկանց ամենօրյա աշխատանքը։

Փոխարենը, մարդու համար ավելի կարևոր են դառնում հիմնարար գիտելիքները։ Մաթեմատիկան։ Տվյալների բազաների աշխատանքի սկզբունքները։ Ցանցերը։ Ենթակառուցվածքը։ Ծրագրային ճարտարապետությունը։ Գիտելիքը, որը թույլ է տալիս հասկանալ ոչ թե կոնկրետ լեզվի շարահյուսությունը, այլ այն, թե ինչ է կատարվում ամբողջ համակարգում։

Այդ պատճառով Էդուարդը ծրագրավորում սովորողներին խորհուրդ է տալիս չկենտրոնանալ միայն որևէ կոնկրետ ծրագրավորման լեզվի մանրամասների վրա։

Արհեստական բանականությունը դեռ ամեն ինչ չի կարող

Այստեղ, սակայն, Էդուարդը զգուշավոր է։ Նա կարծում է, որ արհեստական բանականության զարգացումը հաստատ «փուչիկ» չէ․ դրա հնարավորություններն արդեն չափազանց ակնհայտ են։

Բայց կա մի սահման, որի մյուս կողմում դեռ բազմաթիվ հարցեր կան։ Օրինակ՝ ինքնուրույն լուրջ գիտական հայտնագործություն անելը։ Կամ նոր դեղամիջոց գտնելը։ Կամ էլ անբուժելի հիվանդության բուժման եղանակ հայտնաբերելը։ Այստեղ աշխատանքը դեռ շարունակվում է։

Ու հենց այստեղ է, ըստ Էդուարդի, կարևոր հասկանալ արհեստական բանականության հիմնական նշանակությունը․ այն նախ և առաջ գործիք է։ Գործիք, որը կարող է փոխել մարդու աշխատանքի ձևը։

Ինչու Modelence-ը ստեղծվեց հիմա

Սա, թերևս, Modelence-ի պատմության ամենահետաքրքիր շրջադարձերից մեկն է։ Երբ ընկերությունը ստեղծվում էր, հիմնադիրները խնդիրը տեսնում էին հիմնականում ծրագրավորողների աչքերով։

«Լինելով ծրագրավորող` ինքներս շատ լավ հասկանում էինք, թե որքան ժամանակ և ուժ է ծախսվում ենթակառուցվածքի վրա, որն անհրաժեշտ է ցանկացած արտադրական հավելվածի համար։ Բայց արհեստական բանականությունը փոխեց խաղը», – նկատում է Արամը։

Modelence-ից օգտվելու ամենահեշտ տարբերակը վեբկայքն է։ Բացում եք Modelence.com-ը, որն էլ առաջարկվում է գրել, թե ինչ եք ուզում ստեղծել։ Նկարագրում եք ձեր գաղափարը, սեղմում եք, և համակարգը սկսում է այն ստեղծել ձեր փոխարեն։
Եթե նախկինում ծրագրեր ստեղծում էին հիմնականում ծրագրավորողները, այժմ այդ թիվը կարող է բազմապատկվել, որովհետև ծրագրեր ստեղծելու հնարավորություն են ստանում նաև մարդիկ, որոնք երբեք ծրագրավորող չեն եղել։ Այսինքն՝ Modelence-ի սկզբնական խնդիրը մնացել է նույնը, բայց դրա պոտենցիալ օգտագործողների շրջանակը կտրուկ մեծացել է.

«Մարդը կարող է ունենալ բիզնես գաղափար, բայց չունենալ ծրագրավորողի հմտություններ։ Կարող է ցանկանալ ավտոմատացնել իր աշխատանքի որևէ հատված, ստեղծել առցանց ծառայություն, ներքին գործիք կամ բջջային հավելված։ Modelence-ը կարող է օգնել նրան այդ գործում, ու ստեղծել պրոդուկտ, որը աշխատում է»։

Հայաստանը՝ որպես ցանց

Modelence-ի պատմության մեկ այլ կարևոր մասն այն է, որ երկու հիմնադիրներն էլ Հայաստանից են։ Արամը 26 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ և այսօր ապրում է Bay Area-ում։ Նրա համար Սիլիկոնյան հովտում գտնվելը կարևոր առավելություն է՝ ներդրողների, հաճախորդների և գործընկերների հետ անմիջական շփման հնարավորության պատճառով։

«Ոչ մի տեսազանգ չի կարող փոխարինել այն կապը, որը կարող ես անձամբ կառուցել։ Բայց սեփական ժառանգության և մշակույթի ուժն օգտագործելը նույնպես աներևակայելի կարևոր է։ Modelence-ի մեր հիմնադիր թիմը Հայաստանից է, և մենք Հայաստանում ունենք տեխնոլոգների ուժեղ ցանց, ինչը մեր գործունեության առանցքն է։ Փաստացի, այս պահին մենք հատուկ շեշտ ենք դնում մարքեթինգի և մեր օգտատերերի բազան մեր հայկական ցանցի միջոցով աճեցնելու վրա։ Շատ ավելի հեշտ է ցանցային էֆեկտ ստեղծել 3 միլիոնանոց երկրում, քան 300 միլիոնանոցում», – նշում է Արամը։

YC-ի հաղորդած արագությունը

Հիմնադրումից անմիջապես հետո ընկերությունը մասնակցեց ամերիկյան հայտնի Y Combinator աքսելերացիոն ծրագրին։ «Ծրագիրն անցանք Սան Ֆրանցիսկոյում, ապա ներգրավեցինք մեր առաջին՝ սերմնային ներդրումը՝ մոտ 3 միլիոն դոլար, և սկսեցինք ակտիվ աշխատանքը պրոդուկտի վրա», – պատմում է Էդուարդը։

Արամը YC-ն նկարագրում է ոչ այնքան որպես դասընթաց, որքան որպես միջավայր, որտեղ կարճ ժամանակում հայտնվում ես շատ արագ առաջ շարժվող այլ ստարտափների հիմնադիրների կողքին։

Ծրագիրը տևում է ընդամենը մի քանի ամիս, բայց այդ ընթացքում սկսում ես վերանայել սեփական պատկերացումները այն մասին, թե ինչքան բան կարելի է անել կարճ ժամանակում։ Ամենակարևոր դասը, նրա խոսքով, հենց դա է․ սահմանները, որոնք մարդը դնում է իր առաջ, հաճախ իրական սահմաններ չեն։

Բացի այդ, YC-ի անունը բազմաթիվ դռներ է բացում՝ ներդրողներ, հաճախորդներ, գործընկերներ։ Modelence-ի դեպքում այդ արագությունը հատկապես համապատասխանում էր այն ոլորտին, որում ընկերությունն աշխատում է, որովհետեւ արհեստական բանականության զարգացումը չի սպասում։

«Եթե մեկ տարի առաջվա գործիքները համեմատեք այսօրվա գործիքների հետ, տարբերությունը կարող է հսկայական լինել։ Ընկերությունը, որը փորձում է կառուցել ծրագրային ապահովման նոր ձև, ստիպված է զարգանալ նույն արագությամբ», – փաստում է Արամը։

Ինչ են ուզում կառուցել Արամն ու Էդուարդը

Մեր զրույցի վերջում անդրադառնում ենք նրան, թե ինչ են ուզում կառուցել տղաները։ Արամի տեսլականը համապարփակ հարթակ ստեղծելն է, որտեղ առաջադեմ հավելված կառուցելու և այն արտադրական միջավայրում աշխատեցնելու համար այլևս անհրաժեշտ չի լինի միմյանց միացնել մի քանի տարբեր ծառայություն, առանձին կարգավորումներ անել և ամեն անգամ նորից լուծել նույն տեխնիկական խնդիրները։

Այս գաղափարի համար նա օրինակ է բերում Apple-ը։ Apple-ի առավելություններից մեկը, նրա խոսքով, այն էր, որ ընկերությունը ստեղծեց ստանդարտացված էկոհամակարգ, որտեղ տարբեր բաղադրիչներ աշխատում են միասին՝ չպահանջելով օգտատիրոջից հասկանալ դրանց ներքին ամբողջ բարդությունը։

Անգլերենը պարտադիր չէ։ Ձեր ցանկությունը կարող եք նկարագրել նաև հայերեն լեզվով, հարթակն այն շատ լավ հասկանում է։
Modelence-ը փորձում է նույն տրամաբանությունը բերել ծրագրային ապահովման ստեղծման աշխարհ։ Ոչ թե ստիպել մարդուն հասկանալ, թե ինչպես են միմյանց միանում բոլոր համակարգերը, այլ թույլ տալ նրան կենտրոնանալ այն պրոդուկտի, որը նա իրականում ուզում է ստեղծել։

Այստեղ երկու նախկին օլիմպիական ծրագրավորողների ճանապարհը հետաքրքիր շրջադարձ է կատարում։ Նրանք իրենց կարիերան սկսել են աշխարհում, որտեղ լավ ծրագրավորող լինելու համար անհրաժեշտ էր հնարավորինս շատ բան իմանալ համակարգչի մասին. ալգորիթմներ, լեզուներ, տվյալների կառուցվածքներ, մաթեմատիկա, համակարգեր։ Տարիներ անց նրանք ստեղծել են գործիք, որը թույլ է տալիս ուրիշներին ծրագրեր ստեղծել՝ առանց այդ ամբողջ գիտելիքներն ունենալու։

Թվում է՝ հակասություն է։ Բայց իրականում հենց սա է նրանց գաղափարի հիմքը։ Երբ մեքենա վարելը դարձավ սովորական, վարորդից այլևս չէր պահանջվում իմանալ շարժիչի յուրաքանչյուր դետալը։ Երբ համակարգիչները դարձան անձնական, օգտատերը դադարեց ինքնուրույն հավաքել դրանց բոլոր բաղադրիչները։

Հիմա նույնը տեղի է ունենում ծրագրային ապահովման հետ։ Ծրագրեր ստեղծելու ամենակարևոր հմտությունը այլևս կոդ գրել իմանալը չի։ Ավելի կարևոր է հասկանալը՝ ինչ ես ուզում կառուցել։ Ու հետո դա մեքենային հստակ բացատրել կարողանալը։ Արամն ու Էդուարդը հենց այդ փոփոխության մեջ են գտել իրենց տեղը։

Երկուսն էլ ժամանակին սովորել են հաղթահարել ամենաբարդ ալգորիթմական խնդիրները։ Հետո միասին կառուցել են իրական արտադրական համակարգեր։ Իսկ հիմա կառուցել են մի հարթակ, որի միջոցով նման համակարգեր կկարողանան ստեղծել նաև մարդիկ, որոնք երբեք չեն մասնակցել ծրագրավորման օլիմպիադաների և, հնարավոր է, ընդհանրապես ծրագրավորող չեն։

Արամի ու Էդուարդի առաջին մեծ մրցույթը տեղի էր ունեցել տարիներ առաջ։ Այն ժամանակ նրանք հաղթեցին, որովհետև կարողացան միասին աշխատել։ Իսկ այսօր նրանց առաջ ավելի մեծ խնդիր է՝ համոզել, որ ապագայում ծրագրեր ստեղծելու համար ամբողջ աշխարհը նույնպես կարող է աշխատել նույն սկզբունքով։ Միայն թե այս անգամ թիմում արդեն երկու մարդ չէ։ Թիմում մարդն է ու արհեստական բանականությունը։

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65