ԵՄ-ն Չինաստանից պահանջել է «կամավոր» կրճատել հիբրիդների մատակարարումները
ԵՄ իշխանությունները դժգոհ են չինական հիբրիդային ավտոմեքենաների շուկայի մասնաբաժնի աճից, որն արդեն գերազանցել է մեկ երրորդը։ Բրյուսելը ցանկանում է նվազեցնել այդ ցուցանիշը և սահմանափակումների կիրառման սպառնալիք է հնչեցնում։
Եվրամիությունը Չինաստանին խնդրել է կամավոր կերպով կրճատել հիբրիդային ավտոմեքենաների արտահանումը եվրոպական շուկա՝ հասցնելով այն 15%-ի։ Նպատակը «առևտրային պատերազմից» խուսափելն է։ Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցները պարզաբանել են, որ եվրոպական ավտոարտադրողները ստիպված են զանգվածաբար կրճատել աշխատակիցների թիվը, քանի որ շուկան հեղեղվել է չինական էժան մոդելներով։ Ներկայում ԵՄ-ում չինական ավտոմեքենաների մասնաբաժինը գերազանցում է մեկ երրորդը, մինչդեռ Բրյուսելը ցանկանում է, որ այն կազմի մոտ 15%։ Նման մեքենաների ներմուծման համար ԵՄ մաքսատուրքը կազմում է 10%, սակայն 2024 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսը չինական հիբրիդների ներմուծումն աճել է 10 անգամ՝ ամսական 3.8 հազար ավտոմեքենայից հասնելով 50 հազարի։ Միաժամանակ դրանց միջին գները նվազել են։
«Եթե նրանք չսահմանափակեն արտահանումը մեր շուկա, մենք ինքներս դա կանենք», – պարբերականին հայտարարել է անունը չհրապարակած եվրոպացի պաշտոնյան։
Բացի այդ, Եվրամիությունը Չինաստանին առաջարկել է «զսպվածություն ցուցաբերել» մի շարք այլ ապրանքների, այդ թվում՝ քիմիական արտադրանքի նկատմամբ։ ԵՄ-ն նաև ցանկանում է, որ Չինաստանն ավելացնի եվրոպական արտահանվող ապրանքների գնումները։
Ինչպես հիշեցնում է թերթը, 2024 թվականի հոկտեմբերին Բրյուսելը մինչև 45% մաքսատուրքեր սահմանեց չինական էլեկտրամոբիլների նկատմամբ։ Չինաստանն ի պատասխան մաքսատուրքեր սահմանեց Եվրամիությունից կոնյակի, մսի և կաթնամթերքի արտահանման նկատմամբ։
Սեպտեմբերի 16-ին Եվրախորհրդարանում ունեցած ելույթում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ԵՄ-ի և Չինաստանի միջև առևտրային դեֆիցիտը հասնում է օրական 1 մլրդ եվրոյի։ Նրա խոսքով՝ իրավիճակը «հասել է կրիտիկական կետի», և այն կարելի է բնութագրել որպես «չինական երկրորդ շոկի» սկիզբ։
