Գերմանիայի վերականգնվող էներգետիկայի ոլորտը լուրջ ճգնաժամի մեջ է
Գերմանիայի վերականգնվող էներգետիկայի ոլորտը մի քանի տարվա սրընթաց աճից հետո լուրջ ճգնաժամ է ապրում, հայտնում է Bloomberg-ը։
Համբուրգում տեղակայված Enerparc AG ընկերությունը, որը Եվրոպայում արևային էլեկտրակայանների խոշորագույն օպերատորներից է, այս ամիս սնանկության դիմում է ներկայացրել։ Խմբի ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 3 մլրդ եվրո։ Ավելի վաղ սնանկության մասին հայտարարել էր նաև հողմային էներգետիկայի ոլորտում գործող Sowitec Group GmbH ընկերությունը։ Շուկայի մյուս մասնակիցներն, այդ թվում՝ BayWa r.e.-ն և ABO Energy-ն, սկսել են վերակառուցման գործընթաց։
Վերջին տարիներին ոլորտը սրընթաց զարգանում էր՝ վարկերի և պետական աջակցության շնորհիվ ու Գերմանիայի կողմից հանածո վառելիքից հրաժարվելն արագացնելու ֆոնին։ Սակայն այժմ ընկերությունները բախվում են փոխառու միջոցների արժեքի աճին և նոր նախագծերի եկամտաբերության նվազմանը։ Նմանատիպ խնդիրներ նկատվում են նաև եվրոպական այլ երկրներում։
Գերմանիայում արևային և հողմային էներգետիկայի արագ աճը ևս լրացուցիչ դժվարություններ է ստեղծել։ Bloomberg-ի տվյալներով՝ վերականգնվող էներգետիկայի հզորություններն աճել են ավելի արագ, քան զարգացել են նոր օբյեկտների միացման համար անհրաժեշտ էլեկտրացանցերն ու էներգիայի կուտակման համակարգերը։ Արդյունքում նոր էլեկտրակայանները ցանցին միացնելը դառնում է ավելի դժվար։
Բացի այդ, արևային և հողմային էներգիայի արտադրության կտրուկ աճի դեպքում էլեկտրաէներգիայի ավելցուկ է առաջանում։ Դա կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի բացասական գների կամ արտադրողներին ստիպել կրճատել արտադրությունը։ Արդյունքում նվազում է ինչպես նոր, այնպես էլ գործող նախագծերի շահութաբերությունը:
