Եվրոպայի երկրները համաձայնել են ազատ արձակել դիզելային վառելիքի ռազմավարական պաշարների մի մասը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ եվրոպական երկրները որոշել են ազատ արձակել դիզելային վառելիքի ռազմավարական պաշարների «հսկայական ծավալ»։
«Եվրոպան համաձայնել է ազատ արձակել դիզելային վառելիքի իր զգալի պաշարների հսկայական ծավալ», – գրել է նա X սոցիալական ցանցում՝ հավելելով, որ պաշարների ազատման գործընթացը կսկսվի անհապաղ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են ռազմավարական պաշարներից ազատ արձակել մինչև 100 մլն բարել նավթ և դիզելային վառելիք, հայտնում է Bloomberg-ը։ Նախատեսվում է, որ այս գործողությունը կիրականացվի առաջիկա չորս ամիսների ընթացքում։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ G7-ում հույս ունեն, որ այդ միջոցառումները կհանգեցնեն վառելիքի գների նվազմանը։
Դրանից առաջ Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ֆրանսիան ԵՄ երկրներին առաջարկել է պահուստներից ազատ արձակել 50 մլն բարել դիզելային վառելիք և 50 մլն բարել նավթ՝ ի պատասխան ԱՄՆ-ի համանման կոչերի։
Ինչպես նշվում է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) մամուլի հաղորդագրության մեջ, պաշարների առաջին խմբաքանակի շրջանակում, որի 400 մլն բարելը ՄԷԳ անդամ երկրները համաձայնել էին մարտի 11-ին ազատ արձակել ռազմավարական նավթային պաշարներից (SPR), ներկայումս արդեն ազատ է արձակվել մոտ 325 մլն բարել՝ խոստացված ծավալի ավելի քան 80%-ը։
ՄԷԳ ղեկավար Ֆաթիհ Բիրոլի խոսքով՝ թեև Մերձավոր Արևելքից նավթի արտահանումը զգալիորեն վերականգնվել է, նավթամթերքի հոսքերը շարունակում են խիստ սահմանափակ մնալ, իսկ Ուկրաինայի հարձակումները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա խորացնում են դիզելային վառելիքի հետ կապված իրավիճակը։ Նրա ընդգծմամբ՝ դա հանգեցնում է շուկայական իրավիճակի խստացման և գների աճի՝ ստեղծելով զգալի տնտեսական ռիսկեր։
Բիրոլը ներկայացրել է G7-ի երկրների համար հասանելի տարբերակները՝ էներգակիրների կարճաժամկետ մատակարարումները կայունացնելու և երկարաժամկետ դիմակայունությունն ամրապնդելու նպատակով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մակրոնը հոկտեմբերի 2-ին պետք է անցկացներ G7-ի տեսակոնֆերանս՝ էներգետիկ շուկաներում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումները քննարկելու համար։
Ավելի վաղ Վաշինգտոնը Եվրոպային կոչ էր արել բացել ռազմավարական պաշարները՝ դիզելային վառելիքի գները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, նվազեցնելու նպատակով։
