ԱՄՆ-ն կարող է մինչև 100% մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ
ԱՄՆ-ն քննարկում է երկրորդային պատժամիջոցներ Ռուսաստանի նավթն ու գազը ձեռք բերող երկրների նկատմամբ։ Հնարավոր մաքսատուրքերը կարող են հասնել 100%-ի։ Էներգետիկայի նախարարությունում հայտարարել են, որ Թրամփը կշռադատում է հնարավոր քայլերի դրական և բացասական կողմերը և ուղիներ է փնտրում ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար։
ԱՄՆ վարչակազմը չի բացառում, որ Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ երկրորդային պատժամիջոցների կիրառման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել մինչև հոկտեմբերի 18-ը։ Այս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Վաշինգտոնը կհասցնի մինչև հոկտեմբերի 18-ը մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգակիրներ գնող երկրների նկատմամբ։ Այդ ժամկետը սահմանված է Ռուսաստանի և Իրանի նավթագազային արտահանման նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին օրենքում, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է սեպտեմբերի 18-ին։ Փաստաթուղթը երկրի ղեկավարին 30 օր է տրամադրում սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշում ընդունելու համար։
«Նա ցանկացած որոշման ընդունումը կհետաձգի մինչև վերջին պահը։ Նա կկշռադատի դրական և բացասական կողմերը», – պատասխանել է Ռայթը՝ խոսելով Թրամփի մասին։
Էներգետիկայի նախարարի խոսքով՝ վարչակազմը «ուսումնասիրում է առկա բոլոր լծակները»՝ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար ճնշում գործադրելու նպատակով։ Միևնույն ժամանակ նախարարը խուսափել է ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է նշված ժամկետում մաքսատուրքեր սահմանել ՌԴ-ի առևտրային գործընկերների նկատմամբ, և արդյոք ինքը կպնդի նման քայլի անհրաժեշտությունը:
