Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները վերականգնվում են, սակայն դիզելի պակասը պահպանվում է
Հորմուզի նեղուցով հում նավթի փոխադրումները գրեթե վերադարձել են Իրանի հետ պատերազմից առաջ գրանցված մակարդակին, սակայն դա չի լուծում դիզելային վառելիքի պակասի խնդիրը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)։
Պարբերականի գնահատմամբ՝ դիզելի պակասը դարձել է ԱՄՆ տնտեսական քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է գների աճը զսպելու տարբեր միջոցներ, քանի որ դիզելի թանկացումը բարձրացնում է բեռնատարներով տեղափոխվող սննդամթերքի, էլեկտրոնիկայի և այլ ապրանքների արժեքը։
Սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ում մեկ գալոն (3,785 լիտր) դիզելի միջին գինը հասել է ռեկորդային 6.53 դոլարի, իսկ Կալիֆոռնիայում՝ պատմական առավելագույնի՝ 8.44 դոլարի։
«Սպառողները հում նավթ չեն գնում։ Նրանք գնում են բենզին, ավիացիոն վառելիք և դիզել։ Մերձավոր Արևելքում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով մի քանի խոշոր նավթավերամշակման գործարաններ վնասվել են։ Աշխարհը պարզել է, որ նավթամթերքի պակաս ունի», — հայտարարել է Lipow Oil Associates-ի նախագահ Andy Lipow-ը։
WSJ-ի տվյալներով՝ նավթի մատակարարումների վերականգնումը կարճաժամկետ հեռանկարում խնդիրը չի լուծի։ Kpler-ի տվյալներով՝ հոկտեմբերի 3-ին Հորմուզի նեղուցով օրական միջինը տեղափոխվել է 10,3 մլն բարել հում նավթ՝ նախապատերազմյան մակարդակի 76%-ը։ Միևնույն ժամանակ, բենզինի և դիզելի նման պատրաստի նավթամթերքի մատակարարումները կազմել են ընդամենը 1.3 մլն բարել օրական կամ ընդհանուր հոսքի 11%-ը՝ պատերազմի նախորդող ավելի քան 20%-ի համեմատ։
Թրամփը դիտարկել էր նաև ԱՄՆ-ից դիզելի արտահանման արգելքի հնարավորությունը, սակայն զգուշացրել էր, որ այն կարող է բարձրացնել այլ ապրանքների գները։ Վաշինգտոնը միաժամանակ կոչ էր արել եվրոպական երկրներին օգտագործել վառելիքի պաշարները։ Եվրամիությունը կտրականապես դեմ էր արտահանման սահմանափակմանը՝ նշելով, որ այն կվնասի երկու կողմերին և ԱՄՆ-ի՝ որպես հուսալի գործընկերոջ նկատմամբ վստահությանը։
Ավելի ուշ G7-ի երկրները պայմանավորվել են Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) համակարգմամբ չորս ամսվա ընթացքում ռազմավարական պաշարներից շուկա ուղղել մինչև 100 մլն բարել դիզելային վառելիք և նավթ։ Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի արգելի դիզելի արտահանումը՝ ընդգծելով, որ Եվրոպան նույնպես զգալի ծավալներով դիզել կմատակարարի համաշխարհային շուկային։
