ԵՄ-ն նախատեսում է բյուջեն կրճատել մինչև 200 մլրդ եվրոյով
Եվրամիությունը քննարկում է 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեի կրճատումը 100-200 մլրդ եվրոյով։
Իրավիճակի նման զարգացումը հնարավոր է դարձել ԵՄ բյուջեի նոր ծրագրի շուրջ բանակցությունների ֆոնին։ Հիմնական ճնշումը գործադրում են դոնոր երկրները, որոնց ներդրումները ընդհանուր բյուջե գերազանցում են նրանց ստացած ֆինանսավորումը։ Այս գործընթացի գլխավոր նախաձեռնողը Գերմանիան է։
Politico-ի տվյալներով՝ Եվրահանձնաժողովի առաջարկած 1.76 տրլն եվրո բյուջետային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Աջակցություն չի ստացել նաև Բրյուսելի նախաձեռնությունը՝ կրճատելու գյուղատնտեսական սուբսիդիաներն ու տնտեսական անկում ապրող տարածաշրջաններին տրամադրվող օգնությունը։
Politico-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՄ կառույցներում խնայողությունները կարող են կազմել 100-200 մլրդ եվրո։ Դրան նախատեսվում է հասնել արտաքին քաղաքական գործունեության, օտարերկրյա պետություններին տրամադրվող օգնության և արդյունաբերական նորարարություններում կատարվող ներդրումների ծախսերը կրճատելու միջոցով։
Միևնույն ժամանակ, ֆերմերներին աջակցելուն ուղղված գյուղատնտեսական ընդհանուր քաղաքականությունը գործնականում կմնա անփոփոխ։ Ներկայումս դրա վրա ծախսվում է միության բյուջեի մինչև մեկ երրորդը։
