Հնդկաստանում բնակիչները դեմ են արտահայտվում ԱԲ տվյալների կենտրոնների կառուցմանը
Amazon-ը, Google-ը և Microsoft-ը միլիարդավոր դոլարներ են ներդնում Հնդկաստանում տվյալների կենտրոնների կառուցման համար՝ աջակցելով վարչապետ Նարենդրա Մոդիի՝ երկիրը համաշխարհային տվյալների պահպանման խոշոր կենտրոն դարձնելու ծրագրին։ Սակայն, ինչպես հայտնում է Reuters-ը, նախագծերը բախվում են տեղի բնակիչների աճող դիմադրությանը՝ ջրի և էլեկտրաէներգիայի պակասի, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության պատճառով։
Քանի դեռ Հնդկաստանը չի կարող առաջատար արհեստական բանականության (ԱԲ) մոդելների մշակման ոլորտում մրցակցել ԱՄՆ-ի և Չինաստանի հետ, երկիրը փորձում է առաջատար դիրքեր զբաղեցնել ԱԲ-ի ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։
Սակայն տվյալների կենտրոնների ընդլայնումը լուրջ մարտահրավերներ է ստեղծում։ Reuters-ի տվյալներով՝ Հնդկաստանին բաժին է ընկնում աշխարհի քաղցրահամ ջրի պաշարների ընդամենը 4%-ը, մինչդեռ երկրում բնակվում է մոլորակի բնակչության 18%-ը։ Տվյալների կենտրոնները հիմնականում կառուցվում են քաղաքներում, որտեղ ջրի պակասն արդեն իսկ զգալի խնդիր է։
S&P Global-ի գնահատմամբ՝ Հնդկաստանի տվյալների կենտրոնների 60–80%-ը կարող է բախվել ջրի սուր պակասի։ Mordor Intelligence-ի տվյալներով՝ տվյալների կենտրոնների տարեկան ջրօգտագործումը կազմում է շուրջ 150 մլրդ լիտր, և կանխատեսվում է, որ այդ ծավալն ավելի քան կկրկնապատկվի։
Առավել վիճահարույց նախագծերից մեկը Amazon-ի տվյալների կենտրոնն է Մումբայի մերձակայքում։ Տեղի բնակիչները մտահոգված են, որ այն լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծի ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերի համար, իսկ առաջացող աղմուկը կարող է բացասաբար ազդել մարդկանց, հատկապես երեխաների և տարեցների առողջության վրա։
Amazon-ը և տեղական իշխանությունները պնդում են, որ կենտրոնի ջուրն ու էլեկտրաէներգիան կապահովվեն առանձին աղբյուրներից։ Այնուամենայնիվ, նախագիծն արդեն փողոցային բողոքի ցույցերի պատճառ է դարձել, որոնց միացել են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Միաժամանակ Microsoft-ը հայտարարել է Հնդկաստանում 20.5 մլրդ դոլար ներդրումային ծրագրի մասին, որի հիմնական մասը նախատեսված է ԱԲ տվյալների կենտրոնների կառուցման համար։
Հարավային Անդհրա Պրադեշ նահանգում բնապահպանները դեմ են Google-ի 15 մլրդ դոլար արժողությամբ նախագծին՝ մատնանշելով վայրի բնության, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համար հնարավոր ռիսկերը։ Նրանք նաև պնդում են, որ նախագծի համար առանց թույլտվության օգտագործվել է տաճարին պատկանող հողատարածք։ Google-ը և նահանգային իշխանությունները հերքում են խախտումների առկայությունը։
Տվյալների կենտրոնները բնակելի թաղամասերի հարևանությամբ կառուցելու նպատակահարմարությունը կասկածի տակ են դնում նաև ոլորտի որոշ ներկայացուցիչներ։
«Ես երբեք տվյալների կենտրոն չեմ կառուցի բնակելի թաղամասում», — հայտարարել է 14 տվյալների կենտրոն կառավարող Sify Infinit Spaces ընկերության գլխավոր տնօրեն Շարադ Ագարվալը։
Նրա խոսքով՝ նման կենտրոններին անհրաժեշտ են մեծ ծավալի ջուր և էլեկտրաէներգիա՝ անխափան մատակարարմամբ։ Բնակելի տարածքների հարևանությամբ տեղակայվելու դեպքում ռեսուրսների պակասի պայմաններում դրանք կարող են զրկվել երկուսից էլ։
