Աբովյանում բացվել է հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած նոր բժշկական կենտրոն
Այսօր տեղի է ունեցել հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած Աբովյանի բժշկական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շրջել է հիվանդանոցի բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում լայն թափով շարունակվում են մարզային առողջապահական համակարգերի արդիականացման և օպտիմալացման աշխատանքները:
Աբովյանի նորաբաց բժշկական կենտրոնը միավորել է Աբովյանի հիվանդանոցը և պոլիկլինիկան: Իրականացված վերակառուցման աշխատանքների արդյունքում, որոնք ավարտվել են 2013թ. դեկտեմբերին, կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքում տեղակայվել են անհրաժեշտ բոլոր բաժանմունքներն ու ծառայությունները, առողջապահական հաստատությունը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը զեկուցել է, որ Աբովյանի բժշկական կենտրոնի բացումը ՀՀ Նախագահի կողմից տրված հանձնարարականի, ինչպես նաև առողջապահական համակարգի առջև դրված ռազմավարական խնդիրներից մեկի՝ մարզերում ոլորտի համաչափ զարգացման կատարման ուղղությամբ հերթական քայլն է։ Մարզերի առողջապահական համակարգի զարգացումը, նախարարի հավաստմամբ, մնում է նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը։ Արդեն նորացված մարզային յոթ հիվանդանոցներից բացի, շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման, Ալավերդու, Ճամբարակի, Կապանի և Բերդի հիվանդանոցների արդիականացման աշխատանքները։ Շուտով կսկսվի նաև Վանաձորի 190 մահճակալ հզորությամբ հիվանդանոցի նոր շենքի կառուցումը։