BMW-ն աշխատակիցներին առաջարկում է հարյուր հազարավոր եվրոներ՝ կամավոր աշխատանքից ազատվելու դիմաց
BMW-ն ժամանակավորապես դադարեցրել է աշխատակիցներին կամավոր աշխատանքից ազատվելու դիմաց փոխհատուցումներ վճարելու ծրագիրը՝ դրան մասնակցելու ցանկություն հայտնած աշխատակիցների անսպասելիորեն մեծ թվի պատճառով։ Այս մասին հայտնում է Focus-ը։
Ինչպես նշվում է հոդվածում, ծրագրի մեկնարկից կարճ ժամանակ անց ընկերության ներքին առցանց հարթակը գերծանրաբեռնվածության պատճառով որոշ ժամանակով դադարել է աշխատել։ Աշխատակիցները Բավարիայի ռադիոյին հայտնել են, որ համակարգի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել է՝ ստացված մեծ թվով հայտերը մշակելու համար։
Ինչպես պարզաբանում է Focus-ը, հարթակում աշխատակիցները կարող էին հաշվարկել իրենց հասանելիք փոխհատուցման չափը, որը հիմնականում կախված էր աշխատավարձից և ընկերությունում աշխատանքային ստաժից։ Մեծ տարիքի, երկարամյա աշխատանքային ստաժ և բարձր աշխատավարձ ունեցող աշխատակիցների համար վճարումները որոշ դեպքերում կարող էին հասնել մի քանի հարյուր հազար եվրոյի։
BMW-ն ծրագրի իրականացման համար նախատեսում է հատկացնել մի քանի հարյուր միլիոն եվրո, սակայն ակնկալում է, որ 2028 թվականից այն թույլ կտա տարեկան խնայել շուրջ 1 մլրդ եվրո։
BMW-ի կենտրոնակայանից BR24 պորտալին հայտնել են, որ աշխատակիցներին անհատական առաջարկներ ուղարկելուց հետո ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Միևնույն ժամանակ, ընկերությունը հրաժարվել է բացահայտել փոխհատուցումների կոնկրետ չափերը և ծրագրի հետագա իրականացման պլանները։
Այս միջոցառումը մինչև 2027 թվականի վերջը աշխատատեղերի թիվը մինչև 8000-ով կրճատելու ծրագրի մասն է։ Ինչպես նշում է Focus-ը, կրճատումները հիմնականում կվերաբերեն արտադրության հետ անմիջականորեն չկապված ստորաբաժանումների աշխատակիցներին, այդ թվում՝ վարչական ծառայությունների, ինչպես նաև հետազոտությունների և մշակումների բաժինների աշխատակիցներին։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

